Հույսով ենք, որ ընտրությունների արդյունքները կընդունվեն քաղաքական սպեկտրի բոլոր կողմերի կողմից․ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար
«Ես իմ եղբայրական համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին՝ Հունաստանի ժողովրդի կողմից այս բարդ ժամանակահատվածում։ Մենք Ձեզ հետ ենք»,- այս մասին հայտարարեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Գեորգե Կատրուգալոսը՝ մինչ անցնելը ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության համատեղ դիտարկումների ներկայացմանը։
Կատրուգալոսը նշեց, որ Եվրախորհուրդը հանդիսանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պահապանը մեր աշխարհամասում, իրենք հետևել են բարեփոխումների գործընթացին, Հայաստանի ընտրություններին։
«Մեր գնահատումն այն է, որ չնայած դժվարություններին ու ընտրությունները կազմակերպելու համար շատ կարճ ժամանակահատվածին, մի կողմ դնելով բավական բևեռացված քաղաքական միջավայրը, կազմակերպվել են արդարացիորեն դրական ընտրություններ՝ առանց որևէ կերպ խափանելու դրանց ժողովրդավարական բնույթը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ընտրությունների օրը, այլ նաև նախընտրական արշավներին։ Տեսել ենք որոշ տեխնիկական խախտումներ ընտրատեղամասերում, որոնցից որոշները ծանրաբեռնված են եղել, որոշներում հաշմանդամների համար հասանելիություն չի եղել»,-ասաց Կատրուգալոսը, հավելելով, որ դրանք ազդեցություն չեն ունեցել։
«Խորը բևեռացումը չի խանգարել ընտրությունների լավ անցկացմանը։ Հույսով ենք, որ արդյունքները կընդունվեն քաղաքական սպեկտրի բոլոր կողմերի կողմից, և քարոզչության կոշտ հռետորաբանությունը կուղարկվի պատմության գիրկը» - ասաց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը։
Կատրուգալոսը նշեց, որ պատրաստելու է ԵԽԽՎ վերջնական զեկույց խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«Հույս ունենք, որ այն ամենը ինչի վկան ենք դարձել այս օրերին բնութագրվում է որպես ՀՀ նորմալ քաղաքական կյանք»,-ասաց Կատրուգալոսը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ դիտորդներ․ Ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան
- ՀԱՊԿ դիտորդները հրապարակել են Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը