Ֆրանսիայի ռեգիոնալ ընտրություններում Մակրոնի կուսակցությունը ստացել է ամենաքիչ ձայները
Ֆրանսիայում նախօրեին տեղի ունեցած ռեգիոնալ ընտրություններում ծայրահեղ աջ «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որը գլխավորում է Մարին լը Պենը, ավելի քիչ ձայներ է հավաքել, քան կանխատեսում էին վերլուծաբանները։ Այս մասին գրում է Euronews-ը։
Առաջատարի դիրքում են գտնվում չափավոր աջ «Հանրապետականներն» ու նրանց դաշնակիցները՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի համախոհները: Նրանք կարող են հավաքել ձայների մինչեւ 29%: Լը Պենի պոպուլիստներին աջակցում է ընտրողների մոտ 19%-ը:
Երրորդ տեղում սոցիալիստներն են՝ մոտ 17%, բայց իշխող նախագահ Մակրոնի կուսակցությունը՝ «Առաջ, Հանրապետություն», - լավագույն դեպքում կստանա ձայների 11% -ը:
Բայց այս ամենը միայն նախնական եզրակացություններ են, որոնք հիմնականում հիմնված են էքզիթ փոլի արդյունքների վրա: Բացի այդ, մեկ շաբաթից պետք է տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլ:
Միևնույն ժամանակ, կիրակի օրվա ընտրություններին մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել՝ 35%-ից պակաս։ Այս ամենը որոշակի անհանգստություն է առաջացնում վերլուծաբանների շրջանում, քանի որ Ֆրանսիայում ռեգիոնալ ընտրությունները ավանդաբար համարվում են նախագահական ընտրությունների փորձ, որը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլին: