Ռոբերտ Քոչարյան. Եթե այս իշխանությունը շարունակի աշխատել նույն ոճով, դա բերելու է նոր արտահերթ ընտրությունների
«Մենք հիմա մշակում ենք այդ ռազմավարությունը»,- ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որպեսզի հաջորդ ընտրություններում լինեք իշխանություն՝ պայքարելու եք կրկին արտահերթ ընտրություններ լինե՞ն, ի՞նչ ռազմավարությամբ եք գնալու խորհրդարան:
Նա նշեց, որ դաշինքում ընդգրկված ուժերից ՀՅԴ-ն, «Վերնածնող Հայաստան» կուսակցությունը ներկա չեն եղել խորհրդարանում վերջին երեք տարում, բայց Դաշնակցությունն ունի խորհրդարանական աշխատանքի երկարատև փորձ, դաշինքը կմշակի այդ ռազմավարությունը և մոտակա ժամանակներում կներկայացնեն հանրությանը:
«Միանշանակ մեկ բան կարող եմ ասել՝ մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու, և խորհրդարանական լծակները հնարավարություն են տալու շատ ավելի ակտիվ խորանալ մի շարք այլ ուղղություններով. առաջին՝ երկրի համար մեկ ամբիոնը, որը հնարավորություն է տալու շատ ավելի մեծ հնարավորություններով վերհանել ներկա խնդիրները: Դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը հատկապես գնումների գործընթացներում և մի շարք այլ ոլորտներում: Մենք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, եթե այս իշխանությունը շարունակի աշխատել նույն ոճով և իրենց նպատակադրությունը լինի նույնը, ինչ իրենք անում էինք այս երեք տարվա ընթացքում, ամեն ինչ բերելու է նոր արտահերթ ընտրությունների:
«Իրենց այդ ոճը բերեց Ղարաբաղի կորստի, ներքաղաքական ու տնտեսական ճգնաժամի: Երեկվա իրենց հայտարարություններից և ելույթներից եզրակացությունս մեկն է՝ շարունակելու են աշխատել նույն ոճով:
2018 թվականին իրենք ունեցել են հնարավորություն սիրո, համերաշխության լոզունգի տակ իսկապես միավորել ժողովրդին և լրիվ այլ ուղղությամբ տանել Հայաստանը: Բայց իրենք, երևի իրենց ԴՆԹ-ից ելնելով, թե ոնց, այդ չարությունից չկարողացան ազատվել և երկիրը տարան լրիվ այլ ուղղությամբ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Ասուլիսին ներկա «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենց մոտեցումներում որևէ բան չի փոխվել:
«Մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանության վերարտադրությունն աղետի է բերելու մեր երկրին, և մենք բոլոր հնարավոր միջոցներով և գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանության դեմ՝ կլինի դա խորհրդարանում, խորհրդարանից դուրս: Բոլոր հնարավոր միջոցներով, իբրև երկրորդ ընդդիմադիր խոշոր բլոկ ամեն ինչ անելու ենք և պայքարելու ենք այս իշխանության դեմ»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ինչ-որ չափով աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը
- Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի հպարտ եմ, որ նման ընտրազանգված մենք ունենք
- «Հայաստան» դաշինք. Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի համար
- «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան
- «Հայաստան» դաշինքը դեռ չի ընդունելու ընտրությունների արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան