Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները կնպաստեն ռուս-հայկական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները դրանց օրենսդրական գրանցումից հետո կնպաստեն Հայաստանի առաջադեմ զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման առումով»,-նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ընտրություններին հետևել են բազմաթիվ տեղական (8749) և օտարերկրյա դիտորդներ (483), այդ թվում նաև Ռուսաստանից: Բացի այդ, ընտրություններին հավատարմագրվել է 68 տեղական և 49 օտարերկրյա լրատվամիջոց: Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Ի.Նեմատովը նշել է, որ երկրում ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, և դիտորդները չեն արձանագրել որևէ լուրջ խախտում, որը կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա: Նման գնահատականներ են տվել ՀԱՊԿ, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ և ԵԽԽՎ դիտորդական առաքելությունները: