Երևանի փողոցներից մեկն այսուհետ կրում է բարերար Հրանտ Վարդանյանի անունը
Երևանի ավագանին նիստում որոշում կայացրեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ՝ «Հրանտ Վարդանյան փողոց»։
Որոշման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետին են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ:
«Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված և գործունեություն ծավալող մի շարք ընկերություններին: Այդ փողոցի վրա է հասցեավորված և գործունեություն ծավալում նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամը պարտավորվել է իրականացնել նշված փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն իսկ մեկնարկել են 2020 թվականից»,- նշված է որոշման նախագծում:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում կան Շահամիրյանների և Շահամիր Շահամիրյանի անունները կրող փողոցներ: Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման 15-րդ կետի՝ նույն անվամբ կարող է անվանակոչվել բնակավայրի միայն մեկ բաղադրիչ: Արգելվում է միևնույն բնակավայրում անանուն ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը նույնատեսակ անվանումները կրկնող անուններով կամ համարներով:
Նիստում, հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվեց և ընդունվեց՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիր Շահամիրյան փողոցն անվանափոխել Շահամիրյանների փողոց՝ նպատակ ունենալով հավերժ պահել հայ մեծանուն մտածողներ հայր և որդի՝ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան