Գերիների վերադարձը հնարավոր չէր լինի՝ առանց Ռուսաստանի, ռուս խաղաղապահների աշխատանքի․ ՌԴ դեսպան
«Այդ հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում»,-այս մասին այսօր ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին։
Կոպիրկինը, խոսելով վերջերս Ակնայի ականապատ քարտեզների դիմաց 15 ռազմագերիների վերադարձի մասին հարցին, ասաց, որ Ռուսաստանը ողջունել է այս քայլը։
«Հայտնի է, որ ի սկզբանե Ռուսաստանի Դաշնությունն արել և անում է հնարավոր ամեն բան, որ դա իրականանա (հայ ռազմագերիների վերադարձը – խմբ․)։ Այստեղ մեծ է գեներալ Մուրադովի դերը, սրանով է զբաղվում երկրի նախագահը, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները։ Այնպես որ, սա միշտ չէ, որ հեշտ է, պահանջում է հատուկ ջանքեր։ Կարծում եմ, որ անգամ այն փոխանակումը, որը դուք հիշատակեցիք (գերիներ-քարտեզներ- խմբ․), նույնպես հնարավոր չէր լինի, եթե չլիներ նախապատրաստական, շատ էական աշխատանքը Ռուսաստանի, ռուս խաղաղապահների»,-ասաց Կոպիրկինը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Բաքվին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ քարտեզները՝ 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղակայման մասին, որի դիմաց Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց ընդամենը 15 ռազմագերի։
Այս փոխանակումը, ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությունից, իրականացվել էր ԱՄՆ-ի ու Վրաստանի միջոցով։ Գերիները Հայաստան վերադարձան Վրաստանից Հայաստան ցամաքային սահմանով։
Հարակից հրապարակումներ`
- Անհերքելի ապացույց, որ Ադրբեջանը հայ գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար. ՄԻՊ
- Ականների քարտեզի դիմաց գերիներ բերելով ձեր քարոզչական բոնուսներն ե՞ք հավաքում. Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանին
- ԵՄ-ն ողջունում է 15 հայ կալանավորվածների վերադարձն ու ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը․ Բորել