Այս ընտրություններով չեն լեգիտիմացվել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից արված սխալները. Արթուր Վանեցյան
«Եթե երեք նախագահները միավորվեին ի՞նչ արդյունք կունենայինք: Չգիտենք, չեն միավորվել, չենք կարող հիմա ենթադրություններով խոսել: Բայց սխալներ ունեցել ենք թե մենք, թե մնացած ուժերը երևի թե, որ ունենք այսօր նման արդյունքները»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչպես շարունակել, որպեսզի ուղղեն սխալներն ու կարողանան գտնել լուծումներ:
«Այս ընտրությունների արդյունքով չլուծվեցին մեր երկրում եղած հարցերը, այս ընտրությունների արդյունքներով չլուծվեց Արցախյան հակամարտության հարցը, այս ընտրությունների արդյունքով չլուծվեց Հայաստանի տարածքում արդեն մեկ ամսից ավելի գտնվող ադրբեջանցի զինվորականների հարցը, այս ընտրությունների արդյունքով մոռացության չտրվեց մեր հազարավոր զոհերի հարցը, այս ընտրությունների արդյունքով չլուծվեց տնտեսական հարցերը:
Ունենք բազմաթիվ հարցեր, որոնց լուծումները չենք ստացել այս ընտրությունների արդյունքով, առավել ևս այս ընտրությունների արդյունքով չեն լեգիտիմացվել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից արված բոլոր սխալները: Այդ սխալները կան, առկա են, շարունակում են մնալ օրակարգում»,- ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով, կուտակված հարցերը, մասնավորապես, անվտանգային համակարգի հետ կապված հարցերի լուծումը բխում է ոչ միայն այսօրվա իշխանությունների շահերից, նաև Հայաստանի շահերից:
«Մենք պետք է որոշում կայացնենք՝ ուզո՞ւմ ենք ունենալ Հայաստան, ապրել Հայաստանում, թե՞ չենք ուզում Հայաստան և չենք ուզում ապրել Հայաստանում:
Ես Հայաստանից որևէ այլ տեղ գնալու չունեմ, ծնվել եմ, ապրել եմ և շարունակելու եմ ապրել Հայաստանում և իմ ուժերի ներածին չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի հզոր, ինքնիշխան, մարդիկ ապրեն Հայաստանում լավ և ապահով:
Սա է մեր մոտեցումը»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը:
Նա նշեց, որ, իրոք, իրավիճակը ծանր է, բայց ունեն նաև ընտրությունների նման արդյունք:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է ԱԺ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան
- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ
- Պայքարը շարունակվելու է․«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
- Վրթանեսյան. «Պատիվ ունեմ» դաշինքի համար քվեարկած մարդիկ իրենց ձայները չեն փոշիացրել
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների առաջնորդները լավ են հասկանում, որ հիմա արդեն գործելու իրենց հերթն է
- Արթուր Վանեցյան. Արդարությունը միշտ հաղթում է