ԳԱԱ-ում քննարկվել են պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված համալիր մոտեցումը
ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը ներկայացրել է «ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված առաջարկվող համալիր մոտեցումը» թեմայով գիտական հաղորդումը հունիսի 15-ին կայացած գիտական քննարկման ժամանակ:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Կարեն Գասպարյանը, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Աղբալյանը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, գիտաշխատողներ, ԵՊՀ-ի, ՀԱՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ՀԱԱՀ-ի և այլ ԲՈՒՀ-երի գիտնականներ:
Քննարկվել են պղնձի արտադրության կարևորության, ծծմբական թթվի, մաքուր պղնձի արտադրության շահավետության հարցերը ՀՀ-ում, ինչպես նաև՝ ծծմբական թթվից ՀՀ-ում սպառվող նյութերի արտադրության հնարավորությունը: Մասնակիցներն անդրադարձել են նոր տեխնոլոգիաների և տեխնիկայի ներդրման զարգացման հեռանկարներին: Հատուկ ընդգծվել է ճարտարագետ-տեխնոլոգների պատրաստման անհրաժեշտությունը քիմիայի և մետալուրգիայի բնագավառներում:
Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը: