Շուշիի վերաբերյալ հարցով դիմեք Սամվել Բաբայանին. Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջանորդ, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Սոլովյովին տված հարցազրույցում իր արած «Крым наш» արտահայտությանը:
«Եթե բառացի ենք թարգմանում, նշանակում է՝ ասել եմ՝ Ղրիմը հայկական է: Ես, իհարկե, չէի կարող նման բան ասել: Դա եղել է ի պատասխան, որն ուներ շարունակություն: Շարունակությունը հետևյալն է. ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անքակտելի է, և ես զուգահեռներ եմ անցկացրել Արցախյան հակամարտության հարցի հետ:
Ասել եմ, եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանին, ապա այդ իրավունքը պետք է հարգվի և առաջին հերթին պետք է հարգվի նաև Հայաստանի և հայ ժողովրդի կողմից: Ինչո՞ւ: Որովհետև մենք ունենք Արցախյան հակամարտության հարց, որտեղ անկյունաքարային է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Կա՞ մի հայ, ով համաձայն չէ այս պնդման հետ:
Ինքնորոշման իրավունքը միջազգային այն հիմնարար սկզբունքներից է, որը մենք փորձում ենք բերել օրակարգ և Արցախյան հակամարտության հարցը լուծել այդ իրավունքի իրացման արդյունքում: Իմ խոսքը վերաբերել է հենց դրան, և ես խոսել եմ այդ տեսանկյունից»:
Հարցին՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, Արցախի ապագայի ինչպիսի՞ տեսլական դուք ունեք, արդեն ունե՞ք Արցախի հետ կապված հստակ ծրագրեր, Արթուր Վանեցյանը պատասխանեց.
«Արցախյան հիմնահարցը փակված չէ: Այս ընտրությունները որևէ կերպ չեն լեգիտիմացրել Արցախի մի հատվածը հանձնելու հարցը: Մեզ համար Արցախյան հարցը բաց է, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախյան հարցի կարգավորումը դառնա մեր արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցերից մեկը: Անկյունաքարային հարցերից մեկը դառնալով՝ պետք է հստակ օրակարգ բերվի Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի իրացումը և Արցախում այսօր բնակվող մեր հայրենակիցների անվտանգ բնակվելու երաշխիքները:
Արցախի Հանրապետությունում մարդիկ պետք է ունենան երաշխիքներ, որ նրանք բնակվելու են անվտանգ պայմաններում, այլևս երբեք Ադրբեջանի կողմից չի լինելու ուժի կիրառում կամ ուժի սպառնալիք»:
Նա ընդգծեց՝ Արցախյան հարցի կարգավորումը պետք է լուծվի բացառապես ԵԱՅԿ Մինսկի խմբի շրջանակում. «Այդ հարցի լուծումը պետք է շարունակվի այս ֆորմատում և որևէ այլ տրամաբանություն մեզ համար ընդունելի չէ:
Նիկոլ Փաշինյանը վերջերս իր ելույթում ակնարկեց, որ պետք է փոխվի Արցախյան հակամարտության կարգավորման տրամաբանությունը, եթե չեմ սխալվում օգտագործեց «անջատում հանուն փրկության» տերմինը: Ոչ: Դա անթույլատրելի է, չի կարելի փոխել: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է շարունակել Արցախյան հակամարտության կարգավորման հարցը»:
Ա. Վանեցյանի խոսքով, միանշանակ պետք է ձևավորվի 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, և այդ հանձնաժողովի աշխատանքներով պետք է հասկանալ, թե ինչու սկսվեց այս պատերազմը, ինչու ունեցավ այսպիսի ընթացք, ինչու ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, ինչ է կատարվում հիմա:
«Քննիչ հանձնաժողովը պետք է տա բոլոր այդ հարցերի պատասխանները»,- ասաց նա:
Հարցին՝ համացանցում Շուշիի չիրականացված օպերացիայից մի տեսանյութ է տարածվել, որտեղ կա նաև Արթուր Վանեցյանը, նշվում է՝ այդ օպերացիան չի իրականացվել, կարո՞ղ է մի փոքր մանրամասն ներկայացնել, թե ինչո՞ւ չի իրականացվել այն, նա պատասխանեց.
«Այդ օպերացիան չիրականացնելու պատճառների մասին խոսել է Սամվել Բաբայանը: Ավելին ես չեմ ուզում խոսել, որովհետև ես առհասարակ գտնում եմ, որ դրա մասին պետք չէ խոսել ու դա չի վերաբերվել կոնկրետ Շուշիի ազատագրմանը: Խոսքն ուրիշ բանի մասին էր:
Ես եղել եմ ռազմի դաշտում իմ ջոկատով, և մենք պայքարել ենք մեր ուժերի ներածին չափով մինչև վերջին օրը, ազնվորեն կանգնել ենք ու մարտնչել ենք:
Այդ հարցով խնդրում եմ անպայման դիմեք Սամվել Բաբայանին, թող պարզաբանում տա»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային. Վանեցյան
- Իշխանություններն իրենց քայլով չեն փորձել լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը. Վանեցյան
- Այս ընտրություններով չեն լեգիտիմացվել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից արված սխալները. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է ԱԺ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան
- Արթուր Վանեցյանի հարցազրույցը Վլադիմիր Սոլովյովին
- Շուշիում «Հայրենիք» զորախմբին հատուկ ծուղակ են ուղարկել. Արտակ Ավետիսյան
- ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել
- «Հայրենիք» զորախումբը Շուշիից ու Շոշից վերջինն է դուրս եկել՝ գլխավոր շտաբի կարգադրանքով. զորախմբի անդամներ
- «Հայրենիք» զորախումբ. զինվորագրումը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան