Ֆրանսիան հույս ունի՝ ընտրությունները Հայաստանին հնարավորություն կտան դիմակայել իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին․ ԱԳՆ
Ֆրանսիան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այս ընտրություններում հաղթել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը»։
Ֆրանսիան ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները՝ ընտրությունների դրական անցկացման վերաբերյալ:
«Ֆրանսիան հույս ունի, որ այս ընտրությունները Հայաստանին հնարավորություն կտան դիմակայել իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին: Վերահաստատում է վճռականությունը՝ ուղեկցել նրան այս ուղղությամբ, ինչպես նաև հայտնում է իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը»,-ասվում է հայտարարության մեջ: