Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ․ Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան կոպիտ սադրանք է համարում բրիտանական կործանիչի կողմից Ռուսաստանի սահմանի խախտումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք դա որակում ենք որպես բրիտանական կոպիտ սադրանք, որը հակասում է միջազգային իրավունքին և Ռուսաստանի օրենսդրությանը»,-ասել է նա ճեպազրույցում:
Գործակալության փոխանցմամբ՝ Զախարովան հավելել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ:
Հիշեցնենք՝ չորեքշաբթի օրը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է,որ Սև ծովում բրիտանական Defender կործանիչը հատել է Ռուսաստանի պետական սահմանը: Այն երեք կիլոմետր մուտք է գործել Ռուսաստանի տարածքային ջրեր, նրա անձնակազմն անտեսել է սահմանապահների նախազգուշացումները զենքի օգտագործման մասին: Պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել, և Սու -24 Մ-ն չորս ռումբ է նետել ներխուժողի ուղղությամբ: