Ռուսաստանը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հորդորում է հրաժարվել Սև ծովում զորավարժություններ անցկացնելուց
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն իր Twitter-ում կոչ է արել հրաժարվել Sea Breeze-2021 բազմազգ զորավարժություններից, որոնք անցկացվելու են Ուկրաինայում և Սև ծովում: Լուրը փոխանցում է «Գազետա ռու»-ն:
«Sea Breeze զորավարժությունների մասշտաբային և հստակ ագրեսիվ բնույթը ոչ մի կերպ չի համապատասխանում Սևծովյան տարածաշրջանի անվտանգության իրական խնդիրներին: Այն կբարձրացնի միջադեպերի ռիսկը: Զորավարժությունները խրախուսում են Կիևի ռազմատենչ տրամադրությունները»,- ասում են դեսպանությունից:
Ըստ դեսպանատան՝ միայն Սևծովյան երկրները կկարողանան նվազեցնել լարվածությունն այս տարածաշրջանում, պայմանով, որ «դրսից» չխառնվեն այդ գործընթացին:
«Մենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հորդորում ենք դադարեցնել ռազմական գործողությունները Սև ծովում: Տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար բազմակողմ ջանքերի օրինակ է #Blackseafor ձևաչափը, որն ուղղված է ծովում վստահության ամրապնդման միջոցառումների ամրապնդմանը»,- հորդորում է դեսպանատունը: