Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը 70 տարեկան է
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոբելյանական 70-ամյակի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել բուհի մանկավարժադասախոսական կազմին:
«Բոլորիս հայտնի ֆիզկուլտ ինստիտուտը մեր հանրապետության լավագույն ուսումնական հաստատություններից է, որը, ինչպես բազմիցս նշել եմ, իր հեղինակությամբ և դասավանդման առաջատար մեթոդներով եվրոպական կրթական հանրության լիիրավ անդամ է:
Հենց այս բուհում են կրթվել և շարունակվում են իրենց ուսումնառությունը ստանալ ֆիզկուլտուրայի մեր ապագա մանկավարժները և բոլոր մարզաձևերի մարզիչները, մարզական լրագրողներ, մարզական բնագավառի այլ մասնագետներ:
Լավատեղյակ եմ, որ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը պարբերաբար մասնակցում է որակավորման բարձրացման դասընթացների: Ասեմ ավելին՝ այստեղ են կազմակերպվում բազմաթիվ միջազգային գիտաժողովներ, հավաքներ: Նշեմ դրանցից ընդամենը մեկի մասին, որը նվիրված էր սպորտային բժշկությանը, դրա խնդիրներին, զարգացման ուղղություններին: Նմանատիպ միջոցառումները մեր մասնագետների համար միջազգային փորձի ուսումնասիրման լավ առիթներ են:
Ես ինքս այս բուհի ուսանողն եմ եղել և բոլոր՝ հին ու նոր սերնդի ֆիզկուլտինստիտուտցիների անունից իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում բոլոր մանկավարժներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներին:
Հաջողություն եմ մաղթում բոլորին և ցանկանում եմ հավատալ, որ անցնելու է ևս 70 տարի, և մեզանից հետո եկող սերունդը նույնպես մեծ հպարտությամբ նշելու է մեր սիրելի բուհի 140-ամյակը, որտեղ շարունակելու են կրթվել հայկական մարզաշխարհի անվանի ներկայացուցիչները և սպորտի նվիրյալները»- նշված է նախարարի ուղերձում, որը ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում