Հարութ Սասունյան. «Հայաստանում ժողովուրդն իր խոսքն ասաց, անկախ նրանից՝ համաձայն ենք դրա հետ, թե ոչ»
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ բուռն էին։ Այս ընտրություններում շատ է գրվել ու խոսվել թեկնածուների մասին, թե ով պետք է առաջնորդի Հայաստանը վերջին կործանարար պատերազմի, ժողովրդի անմխիթար վիճակի և Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների լույսի ներքո:
Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ երեք տարի առաջ: Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ջերմորեն ողջունեց նրան՝ արձագանքելով նախկին ղեկավարների հանդեպ ունեցած իրենց հակակրանքին: Սակայն, Փաշինյանը չարդարացրեց ժողովրդի խանդավառ աջակցությունն ու նրա սպասելիքները:
Շատերը հիասթափվել էին նրա անկարող աշխատանքից, ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից առաջ: Նույնիսկ այդ ժամանակ նախկին ղեկավարների նկատմամբ հակառակությունն այնքան ուժեղ էր, և նրանց իշխանության վերադառնալու հեռանկարն այնպիսի վախեր էր առաջացրել, որ ընտրողների մեծ մասը կամ չմասնակցեց ընտրություններին կամ քվեարկեց Փաշինյանի օգտին: Զարմանալի էր ոչ այնքան Փաշինյանի համոզիչ հաղթանակը, որը հավաքեց ձայների գրեթե 54 տոկոսը, այլ այն, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը կարողացավ հավաքել ձայների 21 տոկոսը:
Այնուամենայնիվ, Հայաստանում մարդիկ իրենց խոսքն ասացին։ Մենք պետք է հարգենք նրանց ընտրությունը անկախ նրանից՝ համաձայն ենք նրանց հետ, թե ոչ: Սփյուռքահայերը իրավունք չունեն քվեարկել Հայաստանում անցկացվող ընտրություններում: Նույնիսկ Հայաստանի քաղաքացիները, որոնք ապրում են երկրից դուրս, չեն կարող քվեարկել, եթե ընտրությունների օրը չեն վերադարձել տուն: Այսպիսով, սա Հայաստանի հողում ապրողների ընտրությունն է։
Նրանք իրավամբ կկրեն իրենց ընտրության անմիջական ազդեցությունը՝ լավ, թե վատ: Իմ կարծիքով, Փաշինյանը չունի կարողություն՝ բազում խնդիրներ ունեցող երկիրը կառավարելու համար։ Լուծումներ գտնելու փոխարեն, նա, ցավոք, ավելի է վատթարացրել իրավիճակը՝ իր և իր խորհրդականների ու նախարարների ապաշնորհությամբ:
Ցավոք, քարոզարշավի ընթացքում հնչեցին բազմաթիվ բռնություն հրահրող, նողկալի, ատելություն և վիրավորանք պարունակող խոսքեր, հատկապես Փաշինյանի կողմից։ Անհավատալի էր, որ քարոզարշավի ընթացքում նա մուրճ էր թափ տալիս և սպառնում ընտրություններից հետո այն օգտագործել իր մրցակիցների դեմ: Փաշինյանը բազմիցս սպառնացել է նրանց «փռել ասֆալտին և ծեփել պատերին»… Սրանք խոսքեր են, որ իրեն հարգող ոչ մի ղեկավար չպետք է օգտագործի իր ժողովրդին դիմելիս, անկախ նրանից սատարում են նրան, թե ոչ:
Փաշինյանը նաև ժողովրդին ասաց, որ նախկինում իր նկարագրած «թավշյա հեղափոխությունը» կվերածի «պողպատե հեղափոխության»: Ինձ համար զարմանալի է, որ մի մարդ, որը իշխանության է եկել հանդուրժողականություն և ժողովրդավարական սկզբունքներ քարոզելով, վերածվել է բռնապետի և սպառնում է բռնություն գործադրել իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Նման թշնամական լեզուն ավելի տեղին է օգտագործել Հայաստանի արտաքին թշնամիների դեմ:
Ես միայն հույս ունեմ, որ մեր թշնամիների բռնությունից տառապելուց հետո, հայերը չեն դիմի միմյանց նկատմամբ բռնությունների`քաղաքական տարաձայնությունների պատճառով: Պետք է լինի քաղաքակիրթ խոսակցություն և կարծիքների քաղաքավարի արտահայտում:
Մյուս տարօրինակ երևույթը, որին մենք ականատես եղանք՝ ընտրություններից առաջ կառավարության հայտարարությունն էր քվեարկելու իրավունք ունեցող 2 578 678 քաղաքացիների վերաբերյալ: Սա շատ տարօրինակ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկրի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ: Եթե հանենք մինչև 18 տարեկան երիտասարդների թվաքանակը (700 հազար), որոնք չեն կարող քվեարկել, ապա ընտրելու իրավունք ունեցողների թիվը պետք է լինի շատ ավելի քիչ, քան հայտարարված թիվը: Միակ ճիշտ բացատրությունն այն է, որ հարյուր հազարավոր հայեր, որոնք տարիներ առաջ մշտապես լքել են երկիրը, դեռ գրանցված են որպես քվեարկող:
Ընտրելու իրավունք ունեցողների թվի ուռճացված լինելու պատճառով է ընտրությունների արդյունքների սխալ ցուցանիշը, որ քվեարկությանը մասնակցել է նրանց 50 տոկոսից մի փոքր պակաս: Ժամանակն է, որ կառավարությունը թարմացնի իր ընտրացուցակները`վերացնելու համար երկրից ընդմիշտ հեռացած մարդկանց մեծ թվաքանակը: Քանի որ ընտրողները պետք է ունենան տնային հասցե, նրանք, ովքեր հեռացել են երկրից, չպետք է այլևս իրավունք ունենան քվեարկելու: Ավելին, ընտրացուցակների մաքրումը կվերացնի ընտրակեղծիքները, քանի որ տեղացիները չեն կարողանա քվեարկել երկրից հեռացածների օգտին, ինչպես դա տեղի է ունեցել նախկինում:
Ինչպես և սպասվում էր, եղան ձայներ կեղծելու բազմաթիվ մեղադրանքներ, որի արդյունքում պարտվող կուսակցությունները հրաժարվեցին ճանաչել ընտրությունների արդյունքները: Որևէ եզրակացություն անելուց առաջ պետք է սպասել դատարանների որոշմանը:
Փաշինյանի հակառակորդները նրան հորդորում էին թողնել պաշտոնը և թույլ չտալ, որ իր կառավարությունը վերահսկի ընտրությունները՝ վախենալով ընտրական գործընթացի վրա անտեղի ազդեցությունից: Այնուամենայնիվ, Փաշինյանը հրաժարվեց դա անել և մնաց որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Դրա հետևանքով նա երկու լուրջ խախտում թույլ տվեց նույնիսկ նախքան քվեարկությունը։ Նա քարոզչություն սկսեց քարոզարշավի օրինական սկզբից մի քանի շաբաթ առաջ և իր նախընտրական արշավների ժամանակ օգտագործեց կառավարության ռեսուրսները, ինչը նույնպես անօրինական է:
Ընտրություններից առաջ խիստ պառակտված ժողովուրդն էլ ավելի բաժանվեց ընտրություններից հետո: Իրարահաջորդ ընտրությունները երկրում ժողովրդավարությունը խթանելու փոխարեն` երկրում ավելի մեծ անկայունություն են առաջացրել` էլ ավելի հեռացնելով Հայաստանը ժողովրդավարական երկրի որևէ նմանությունից:
Հայերի մեջ այնքան ատելություն կա, որ պետք չէ մտահոգվել Հայաստանի թշնամիներից: Ցավոք, հայերը դարձել են իրենց ամենավատ թշնամին: Բոլոր հայերը պարտավոր են, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, նվազեցնել թշնամանքի աստիճանը, հատկապես սոցիալական լրատվամիջոցներում, և սովորել արտահայտել իրենց տարաձայնությունները՝ առանց կոպիտ ու թշնամական լինելու:
Երկրի ղեկավարի պարտականությունն է հանդուրժողականության օրինակ ծառայել և խրախուսել բոլորին միմյանց նկատմամբ ավելի քաղաքակիրթ լինել, այլ ոչ թե կրքեր բորբոքել և սպառնալից լեզու օգտագործել: Ի վերջո, մենք բոլորս մեկ ազգի զավակներ ենք, և մեր հավաքական շահերը ու ազգի գոյատևումը պետք է վեր դասենք ցանկացած այլ խնդրից:
Այժմ, երբ երկու խորհրդարանական ընդդիմադիր խմբերը պատրաստվում են զբաղեցնել Հայաստանի խորհրդարանի տեղերի մեկ երրորդը, քննարկումներն ու վեճերը, որքան էլ սուր լինեն, պետք է փողոցից տեղափոխվեն օրենսդիր մարմնի դահլիճներ:
Վերջապես, անկախ նրանից, թե ում ենք սատարել ընտրություններում, մենք չպետք է մոռանանք այն փաստի մասին, որ մարդիկ Հայաստանում և Արցախում գտնվում են աղետալի վիճակում, հատկապես վերջին պատերազմից հետո, և մենք պետք է ամեն ինչ անենք նրանց աջակցելու համար: Մենք պետք է նաև փորձենք օգնել մեր ղեկավարներին, նույնիսկ եթե համաձայն չենք նրանց հետ: Հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարներն իրենց հերթին կընդունեն մեր պարզած ձեռքը և պատրաստ կլինեն լսել իրենց առաջարկված խորհուրդը: Մեր ժողովրդին մաղթում ենք ամենայն բարիք և խոստանում, որ մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանենք նրանց աջակցելու համար, որպեսզի չկարծեն, թե իրենց թողել ենք բախտի քմահաճույքին»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ նոր տվյալներ. ՔՊ-ն՝ 53.92 տոկոս, «Հայաստան»-ը՝ 21.04 տոկոս
- Սասունյան. Փաշինյանի խոստումների վեցամսյա ճանապարհային քարտեզը. ի՞նչ է արվել, իսկ ինչ՝ ոչ
- Սասունյան. Հայաստանի ղեկավարները պատերազմից առաջ անտեսել են ներդրողի՝ զրահամեքենաներ արտադրելու առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան