Վարդան Պողոսյան. ՔՊ-ն 71 մանդատի դեպքում չունի մանդատների 2/3-ը
«Մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10-ից դարձել են 100, եթե նման պատկեր լինի մնացած 70 տեղամասերում, որտեղ վերահաշվարկ է իրականացվում, ապա ԿԸՀ-ն մի քանի որոշումներ ընդունելու իրավասություններ ունի»,- «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում ասաց սահմանադրագետ, գործող Սահմնադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը։
Նա մանրամասնեց, որ ԿԸՀ այս որոշումներից մեկը կարող է լինել ընդհանրապես ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը, հանձնաժողովն իրավուքն ունի վերաքվեարկություն կազմակերպելու որոշում կայացնել այն տեղամասերում, որտեղ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս վերականգնել ընտրության իրական արդյունքները։
«Այսինքն, ԿԸՀ-ն ունի բազմաթիվ լծականեր ու իրավական հնարավորություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր որոշումը կայացնելու, որոնք վերաբերում են ոչ միայն թվաբանական եզրակացությանը, այլև գնահատելու իրավիճակը, խախտումների բնույթը»,- ասաց սահմանադրագետը։
Վարդան Պողոսյանը հայտարարեց, եթե հիմք ընդունեն ԿԸՀ կողմից հրապարակված քվեարկության նախնական արդյունքները, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է 71 մանդատ, «Հայաստան»-ը ստանում է 27 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ։
«Սա կազմում է ընդհանուր առմամբ 105 մանդատ։ Քանի որ այս երեք ուժերի միջև մանդատների բաշխման արդյունքում ՔՊ-ն ստանում է մանդատների 2/3-ից ավելին՝ մոտ 67 տոկոս, իսկ 2/3-ը 66.6 տոկոսն է, ապա ըստ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը, այսինքն այն ուժը, որը չի հաղթել ընտրություններում ներկայացվածություն ունենա Ազգային Ժողովում ոչ պակաս, քան մանդատների ընդահանուր թվի 1/3-ը։
Հետևաբար, նորից եմ կրկնում նախնական արդյունքների հիման վրա, «Հայաստան» դաշինիքին պետք է հատկացվի լրացուցիչ 2 մանդատ, մաթեմատիկորեն դա 1.5 է, բայց պետք է հատկացվի, որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից»,- մանրամասնեց Վարդան Պողոսյանը։
Սահմանադրագետն ընդգծեց, որ այս պարագայում «պակաս» բառը խիստ կարևոր է, քանի որ նման խորհրդարանում ՔՊ-ն կամ պետք է ունենա մանդատների ուղիղ 2/3-ը, այն նույնիսկ չպետք էլինի 0.1 տոկոսով մեծ, իսկ ընդդիմության պարագայում մանդատները պետք է կամ հավասար լինեն 1/3-ի կամ կարող է մի փոքր ավելի լինել։
«Հիմա եթե մանեք ելնում ենք 105-2 մանդատից, ապա այդ պարագայում 71 ձայնը մեկ մանդատով արդեն պակաս է ունենալու 2/3 մեծամասնություն։ Քվեարկության արդյունքում մաթեմատիկորեն հնարավոր է, որ մեծամասնությունն ունենա 2/3, փոքրմասնությունն ունենա ուղիղ 1/3, և նման իրավիճակ էր 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Մենք դե յուրե ունենք 132 մանդատով խորհրդարան, որից 88-ը պատկանում էր ՔՊ-ին, 44-ը՝ ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին։
Մաթեմատիկորեն 88-ը ուղիղ 132-ի 2/3-ն էր, 44-ը՝ 1/3-ը։ Հիմա 107-ի պարագայում, քանի որ այն չի կարող բաժանվել 3-ի բացարձակ թվերով, մնացորդ է լինում, ստացվում է, որ 71 մանդատը դեռևս չի հասնում 2/3-ի, իսկ եթե չի հասնում, դա նշանակում է, որ ՔՊ-ն ապագա խորհրդարանում չի կարողանա Սահմանադրություն փոխել, իմպիչմենտի գործառույթներ իրականացնել, բոլոր այն լիազորությունները, որոնց համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը, ՔՊ-ն չի կարող իրականացնել արդեն իսկ հիմա։ 71 մանդատի դեպքում արդեն իսկ չի կարող»,- ասաց Վարդան Պողոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան