ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հարստության հարկ գանձել
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ պետություններին կոչ է արել հարստության հարկ սահմանել` կորոնավիրուսի համաճարակից տուժած տնտեսական իրավիճակը բարելավելու համար: հաղորդում է «Գազետա ռու»-ն:
Նա հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է 5 տրիլիոն դոլարով:
«Ես կրկնում եմ իմ կոչը պետությունների կառավարություններին` դիտարկելու համերաշխության հարկ կամ հարստության հարկ սահմանել այդ մարդկանց, ինչպես նաև համաճարակից օգուտ քաղած անձանց համար` ֆինանսավորելու սոցիալ-տնտեսական վերականգնումը»,- ասել է Գուտերեշը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ համաճարակի պատճառով աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ հայտնվել են աղքատության շեմից ցածր, իսկ ամբողջ պետություններ սնանկացման սպառնալիքի առջև են կանգնած: Միևնույն ժամանակ, ըստ Գուտերեշի, աշխարհի բնակչության կեսը զրկված է անհրաժեշտ առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանցիների 83%-ը սատարում է առաջադեմ հարկման սանդղակի ներդրմանը, որով որքան հարուստ է մարդ, այնքան բարձր հարկ պետք է վճարի: Միայն 13%-ն էր կողմ եկամտից անկախ հարկերի նույն մակարդակի պահպանմանը: