Մուրճի թափահարումներ և պոպուլիզմ, երբ Հայաստանն ու Արցախը խոշոր աշխարհաքաղաքական շահերի մուրճի և զնդանի արանքում են․ Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Թվում է, թե Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանային Շերխան Բանդար անցակետի վերահսկողության անցումը թալիբներին մեզանից շատ հեռու տեղի ունեցող և մեզ հետ որևէ առնչություն չունեցող մի իրադարձություն է։
Մինչդեռ Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ, իսկ թալիբների հայտնվելը Տաջիկստանի հետ սահմանային անցակետում հենց այդպիսի գործընթաց է, ուղղակիորեն միտված է Ռուսաստանի դեմ, որի ներկայությունը Հայաստանում և Արցախում այս պահին, ցավալիորեն, միակ իրական զսպող գործոնն է ադրբեջանաթուրքական դաշինքի համար։
Եթե մի փոքր ավելի ընդլայնենք մեր տեսահորիզոնը, ապա կստանանք մի պատկեր, որտեղ թալիբների այժմ անդրկուլիսյան աջակից Պակիստանը, օրըստօրե սերտացնելով նաև ռազմական կապերը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և փաստացիորեն մասնակցելով 44-օրյա պատերազմին, արդեն իսկ ներգրավված է հակառուսական ճակատում, ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաև Հարավային Կովկասում։
Այսինքն, ըստ էության, տարբեր բաղադրիչներով գործում է մեկ միասնական ծրագիր, որի նպատակը Ռուսաստանի համար միանգամից մի քանի ճակատներ բացելն է, ինչի հետևանքով Մոսկվայի համարժեք արձագանքի ռեսուրսները կարող են և չհերիքել՝ հանգեցնելով ճեղքման։
Ընդ որում, նման ճեղքման համար խոցելի ուղղություններից մեկը հենց Հայաստանն ու Արցախն են, որտեղ եթե Ռուսաստանի համար լուծվելու է նահանջի կամ ընդլայնման խնդիր, ապա մեզ համար վճռվելու է մեր պետականության լինելիության հարցը։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ուղղակի ոչինչ։ Մուրճի թափահարումներ և պոպուլիզմի հնարավոր մեծ չափաբաժին, այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախը խոշոր աշխարհաքաղաքական շահերի մուրճի և զնդանի արանքում են»։