Եգիպտոսը թույլ է տալիս կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրացիներին երկիր մուտք գործել առանց ՊՇՌ թեստերի
Ամբողջովին պատվաստվելով կորոնավիրուսի դեմ՝ օտարերկրացիները կարող են մուտք գործել Եգիպտոս առանց ՊՇՌ թեստերի, պայմանով, որ սահմանին նրանք պատվաստման վկայագիր են տրամադրում: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության և բնակչության նախարարությունը:
Ընդունվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Եգիպտոսի դեղերի վարչության կողմից հաստատված պատվաստանյութերը։ Մուտքը թույլատրվում է Sputnik V, Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharm, Sinovac պատվաստանյութերի 2 չափաբաժինները ստացածներին, երկրորդ չափաբաժինը ստանալուց 14 օր հետո, կամ Johnson & Johnson-ի մեկ չափաբաժին ստանալուց 14 օր անց։ Այս մասին գրում է Tass-ը։
Հավաստագրերը պետք է պարունակեն QR պաշտոնական մարմնի ծածկագիրը և կնիքը։
Միևնույն ժամանակ, սահմանվում է, որ դա վերաբերում է այն երկրներին, որոնք «չեն տուժել կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված շտամներից»: Եթե ուղևորը ժամանում է մուտացիաներ գրանցած երկրներից մեկից (սա ներառում է Հնդկաստան, Բանգլադեշ, Պակիստան, Բութան, Մյանմար, Նեպալ, Վիետնամ, Շրի Լանկա, Բրազիլիա և Լատինական Ամերիկայի որոշ այլ երկրներ), ապա նույնիսկ պատվաստումների վկայականի առկայության դեպքում օդանավակայանում պետք է կատարի կորոնավիրուսի մոլեկուլային արագ թեստավորում։ Եթե պարզվում է, որ արդյունքը դրական է, ապա օտարերկրյա քաղաքացին պարտավոր է կատարել մեկ այլ ՊՇՌ թեստ: Եթե այս թեստը դրական է, ապա ուժի մեջ է մտնում մի պրոտոկոլը, համաձայն որի վարակված անձին տեղափոխում են կովիդ բուժող հիվանդանոց:
Նշվում է, որ Եգիպտոսում նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը որոշակիորեն կայունացել է: Եթե մայիսին - հունիսի սկզբին ամեն օր գրանցվում էր վարակի ավելի քան հազար նոր դեպք, ապա ներկայում վարակվածների միջին օրական աճը նվազել է մինչև 500 մարդ: Երկրի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ համաճարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է ավելի քան 278 հազար վարակված, ավելի քան 206 հազարն ամբողջությամբ վերականգնվել են, մահացել է 15,9 հազար մարդ: Անցած օրվա ընթացքում 37 մարդ մահացել է բարդություններից: