Գեղամ Մանուկյանը բողոքի էր դուրս եկել Վիշինսկու լուսանկարով
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Գլխավոր դատախազության դիմաց հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորման դեմ բողոքի ակցիային ներկայացրել էր 1930-կաններին ԽՍՀՄ դատախազ Վիշինսկու լուսանկարը ձեռքին։
«Ավագ սերնդի ներկայացուցիչներից շատերն այս մարդու լուսանկարը տեսնելիս սարսռում են, որովհետ Խորհրդային Միությունում բազմաթիվ մարդիկ 30-ական թվականներին աքսորվել են, գնդակահարվել են այդ ժամանակվա դատախազ Վիշինսկու որոշումներով»,- գլխավոր դատախազության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Գ. Մանուկյանը։
Նա ընդգծեց, եթե Վիշինսկու գլխին կանգնած էր դիկտատոր, բայց նաև պատերազմ հաղթած Ստալինը, ապա Հայաստանում գլխավոր դատախազության գլխին կանգնած է մեկը, որը պատերազմում կրել է խայտառակ պարտություն, որից 9 ամիս հետո բոլորին մեղավոր է կարգում, բացի իրենից։
«Երկուսն էլ ունեն դիկտատորական հատկանիշներ, ինչի արդյունքում քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդիկ հայտնվում են ճաղերի հետևում։ Վիշինսկու ոգով ձևավորված խորհրդային դատախազությունը 53-ին թվականին հասավ բժիշկներին, երբ բազմաթիվ բժիշկներ հայտնվեցին ճաղերի հետևում։ Այսօր մեր երկրում տեսանք մի բան, որ չէինք տեսել անցնող 30 տարիների ընթացքում»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Դաշնակցական գործիչն ասաց՝ առաջին անգամ է, որ հայտնի բժշկի ազատման պահանջով են բողոքի դուրս եկել։
Նա հայտնեց, որ փաստաբանները երեկ Չարչյանի առողջական վիճակը վատանալուց հետո դիմել են դատախազություն, սակայն մոտ մեկ օր անց դատախազությունից արձագանք չկա։
«Ես չեմ խոսում բոլոր զավեշտալի մեղադրանքների մասին։ Միայն հաշվի առնելով նրա առողջական վիճակը՝ գլխավոր դատախազը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեր պրոֆեսոր Չարչյանի խափանման միջոցը փոխելու համար։ Պահանջը մեկն է ու հստակ, Հայաստանի գլխավոր դատախազությունը պետք է կատարի իր օրենսդրական պարտականությունը և անհապաղ փոխի պրոֆեսոր Չարչյանի խափանման միջոցը»,- ասաց նա։
Մանուկյանը նաև ընդգծեց, պատերազմի ժամանակ Չարչյանը փրկել է բազմաթիվ վիրավոր զինծառայողների կյանքեր։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Դատախազությունը վերածվել է իմպոտենտ մարմնի
- Գլխավոր դատախազության դիմաց հավաքի մասնակիցներից շուտ ոստիկաններն են եկել