Տոկիոյի օլիմպիական խաղերի հանդիսականները պետք լինեն դիմակով, պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից
Տոկիոյի օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող հանդիսականները պետք է անպայման լինեն դիմակով: Մրցավայր մտնելուց առաջ նրանք երկու անգամ պետք է չափեն ջերմությունը: Ջերմողներին կարգելվի մտնել համալիր: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Հանդիսականները պետք է մարզադաշտ մտնեն ու վերադառնան առանց ճանապարհից շեղվելու՝ ոչ մի տեղ չմտնելով: Նրանք նաև պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից: Միակ բանը, որով կարելի է արտահայտվել՝ ծափահարություններն են:
Հրահանգներում կան կանոններ հերթերի, վաճառակետերի և զուգարաններ այցելելու մասին՝ մարդկանց բազմությունից խուսափելու համար:
Այցելուների սմարթֆոններում կլինի ծրագիր, որը թույլ կտա արագորեն բացահայտել վարակվածի հավանական շրջանակը:
Կարգելվի մրցումների ընթացքում ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը:
Եթե հուլիսի 12-ից հետո արտակարգ ռեժիմ կամ համավարակի դեմ պայքարի ուժեղացված միջոցառումների ռեժիմ մտցվի, ապա մարզասերների ներկայության հարցը կվերանայվի:
Նշվում է նաև, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախատեսում է Տոկիո ժամանել հուլիսի 9-ին: Նա կարանտինում կմնա երեք օր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՕԿ-ի առաջնորդը Ճապոնիա կժամանի հուլիսի 12-ին:
Ենթադրվում էր, որ Բախը պետք է Ճապոնիա մեկներ մայիսին և համալրեր օլիմպիական ջահի փոխանցավազքի մասնակիցների շարքը: Բայց կորոնավիրուսի պատճառով այցը հետաձգվել է: