Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության արդի հարցեր: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմի՝ Թուրքիայի հետ չվերթները վերսկսելու որոշման, ինչպես նաև ռուսական Sputnik V պատվաստանյութի մատակարարումների մեկնարկի համար: Այս մասին հայտնում է Կրեմլը։
«Շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դրական գնահատական է տրվել հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին: Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի ամբողջական կատարումը: Հաստատվեց համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը` ներառյալ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով»,-ասվում է հաղորդագրությունում:
Սիրիայում կարգավորման խնդիրները քննարկելիս ընդգծվել է Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ գործունեության կարևորությունը` ուղղված Իդլիբում և երկրի հյուսիս-արևելքում լարվածության աճը կանխելուն և այդ տարածքներում մնացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին:
Վլադիմիր Պուտինը նաև կիսվել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ Ժնևում վերջերս կայացած բանակցություններից ստացած տպավորություններով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները և համատեղ աշխատանքը այլ մակարդակներում: