ԱՄՆ-ը և Գերմանիան համաձայն են համագործակցել Հոլոքոստի ժխտման դեմ պայքարում
ԱՄՆ-ը և Գերմանիան պայմանավորվել են միասին աշխատել Հոլոքոստի ժխտման և հակասեմականության դեմ պայքարում, ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ շեշտելով, որ դա կապահովի, որ ներկա և ապագա սերունդները տեղյակ լինեն Հոլոքոստի մասին և դասեր քաղեն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հինգշաբթի օրը ելույթ ունենալով Բեռլինում Եվրոպայի նահատակված հրեաների հուշահամալիրում՝ Բլինքենը նույնականացրեց Հոլոքոստի ժխտումն ու հակասեմիտիզմի, հոմոֆոբիայի, այլատյացության, ռասիզմի և խտրականության այլ ձևերի հետ՝ ընդգծելով, որ այն կիրառվում է նրանց կողմից, ովքեր ձգտում են ոչնչացնել ժողովրդավարությունը:
«Ահա թե ինչու մենք պետք է նորարարական ուղիներ փնտրենք` Հոլոքոստի պատմությունը հիշելու համար, որպեսզի ոչ միայն հասկանանք անցյալը, այլև առաջնորդենք մեր ներկան և կերտենք ապագան», - ասաց նա:
Պետքարտուղարը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր: Բլինքենը նշել է, որ երկու երկրների կառավարությունները կաշխատեն մեծացնել Հոլոքոստի մասին իրազեկվածությունը և հակազդել դրա ժխտմանը և փաստերի խեղաթյուրմանը՝ օգնելով պետական պաշտոնյաներին և երիտասարդներին խորապես գիտակցել հակասեմականության խնդիրը և պատասխանատվություն զգալ ոճրագործություններին վերջ տալու համար:
«Այս երկխոսությունը կօգնի մեզ հիշել, թե որքան կարող ենք կորցնել, բայց նաև տեսնել, թե ինչ կարող ենք պահպանել, եթե որոշենք հակահարված տալ, այլ ոչ թե մի կողմ կանգնել», - ասաց Բլինքենը:
Հինգշաբթի օրը Բլինքենը և Լիբիայի ժամանակավոր վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբան Բեռլինում անցկացրեցին բանակցություններ միջազգային խորհրդաժողովից հետո, որը միտված էր աջակցելու Լիբիայում կայուն կառավարության հաստատմանը:
Բլինքենը գոհունակությունն է հայտնել Լիբիայի պատվիրակության հետ հանդիպման առիթով՝ շեշտելով, որ համաժողովը ցույց տվեց, որ միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ն աջակցում են Լիբիայի ընտրած ուղին դեպի միավորված, անկախ, կայուն պետականություն առանց որևէ արտաքին միջամտության:
Գերմանիայի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված բեռլինյան համաժողովին մասնակցում էին 17 երկրների ներկայացուցիչներ: Այն ուղղված էր Լիբիայի ընտրությունների աջակցությանը, որոնք նշանակված են դեկտեմբերի վերջին:
Ըստ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ ընտրությունները կարևոր են ոչ միայն երկարաժամկետ, վստահելի կառավարության լեգիտիմության, այլ նաև երկրից բոլոր արտաքին ուժերի դուրս բերման համար:
Համաժողովի մասնակիցների պաշտոնական հայտարարության մեջ շեշտվում էր, որ «բոլոր օտարերկրյա ուժերը և վարձկաններ ըպետք է անհապաղ դուրս բերվեն Լիբիայից», բայց Թուրքիան այս հարցում ունի որոշ վերապահումներ:
Ըստ պետքարտուղարության աղբյուրի, Թուրքիան կարծում է, որ Լիբիայում իր զինվորականները խորհրդակցական առաքելություն են իրականացնում՝ Ազգային համաձայնության կառավարության հետ կնքված համաձայնագրի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան