Արցախի մեկուսացման պատճառով է, որ միջազգային հանրությունը խորությամբ չի գիտակցում խնդրի էությունը. Գեղամ Ստեփանյան
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի հումանիտար հարցերի բաժնի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված «Մարդասիրական օգնություն, միջազգային պատժամիջոցներ և զինված հակամարտություններ» թեմայով առցանց քննարկմանը։
Արցախի ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել է «Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների ՄԱԱԹ հիմնադրամի» նախաձեռնությամբ։
Պաշտպանը անդրադարձել է 2020 թվականի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև ներկայացրել ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Նա մատնանշել է տեղահանված անձանց բոլոր խնդիրները և ընդգծել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու խիստ անհրաժեշտությունը։
Անդրադառնալով հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց ապօրինաբար Ադրբեջանում պահելու խնդրին՝ Պաշտպանը անընդունելի է համարել միջազգային կազմակերպությունների լռությունը Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող շինծու և հակաիրավական դատավարությունների հարցում և պնդել, որ միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքերը և նշել, որ չնայած հայկական մշակութային կոթողներին սպառնացող վտանգի մասին պարբերաբար ահազանգերին՝ միջազգային համապատասխան մարմինները և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն հստակ քայեր չեն ձեռնարկում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակույթը ոչնչացումից փրկելու համար։
Գեղամ Ստեփանյանը դատապարտելի է համարել Արցախի մեկուսացումը միջազգային հանրության կողմից՝ շեշտելով, որ հենց մեկուսացման պատճառով է, որ միջազգային հանրությունը խորությամբ չի գիտակցում խնդրի էությունը, որը ոչ թե տարածքային վեճ է, այլ Արցախի ժողովրդի պայքարն է իրենց իրավունքների պաշտպանության համար։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման անընդունելի փորձեր են լինում
- Արցախի ՄԻՊ-ը ԵԽԽՎ զեկուցողի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում
- Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ԵԽ պատգամավորների կողմից կազմակերպված առցանց համաժողովին
- Արցախի ՄԻՊ-ը առցանց հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին