Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայից մի խումբ ուխտավորների
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր ընդունել էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Հունգարիայի մի խումբ ուխտավորների, որոնց թվում էին Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային կապերի ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու կրթական հաստատության միջև հաստատված սերտ գործակցությանը, Հայոց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի կյանքին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն առանձին հանդիպում է ունեցել նաև Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ։