Մակրոն․ ԼՂ կարգավորման քաղաքական գործընթացը միակ ուղին է, որ ի զորու է երաշխավորել երկարատև կայունության հաստատումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հայտնում են կառավարությունից։
Ուղերձում Մակրոնը նշում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են բացառիկ հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև պատմական առնչությունների վրա և սնուցվում են մեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև առանձնաշնորհյալ երկխոսությամբ:
«Ինչպես առիթ ունեցա վերահաստատելու Ձեզ ս.թ. հունիսի 1-ին Փարիզ կատարած Ձեր այցի ընթացքում, հայ ժողովուրդը ժողովրդավարության և իրավական պետության ամրապնդման իր հաստատակամության մեջ կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար սատարմանը: Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը ևս կշարունակի ամրապնդվել: Վճռական լինելով շարունակել խոցելի բնակչություններին մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը` Ֆրանսիան միաբան է Ձեր երկրի հետ՝ օգնելու հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգման պայմաններում:
Այդ առումով ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորման որոնման հարցում: Հավատացած եղեք, որ մենք հանձնառու ենք հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վերականգնմանը, որը միակ ուղին է, որ ի զորու է երաշխավորել Հարավային Կովկասում երկարատև կայունության հաստատումը, ինչպես նաև խթանել տարածաշրջանի ժողովուրդների հետ խաղաղության, համերաշխության և բարեկամության մեր ընդհանուր արժեքները»,-ասել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ Արցախում պատերազմի դադարեցման համար նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի հայտարարությունն ու նրանում ընդգրկված դրույթները, հատկապես ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված, անակնկալ էր եղել Արցախյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ մյուս երկու համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համար, որոնք հայտարարությունից հետո, ողջունելով հրադադարը, նշում էին, որ բացատրությունների են սպասում։
Մոսկվան ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեն մասնակցել փաստաթղթի շուրջ քննարկումներին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան որևէ կերպ չի ցանկանում հեռանալ այդ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերներից՝ ամերիկացիներից և ֆրանսիացիներից:
Հաձայնագրի ստորագրումից հետո նոր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները Մոսկվայում տեղեկացան համաձայնագրի դրույթներին։
Պաշտոնական Փարիզը, ողջունելով հրադադարը, հայտարարել էր, որ երկու կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն, մասնավորապես, նրանք պետք է լուծեն վերջին շաբաթներին հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը։
Պաշտոնական Մոսկվան, սակայն, դեմ է այս պահին Արցախի կարգավիճակի հարցի բարձրացմանը, ինչի մասին բազմիցս հայտարարել է։