Ֆլորիդայում 12 հարկանի շենքի փլուզումից հետո Բայդենը հայտարարել է արտակարգ դրություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան հրամանագիր է ստորագրել բնակելի շենքի փլուզումից հետո Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին, ինչպես նաև կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այսօր Նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն հայտարարեց Ֆլորիդայում և կարգադրեց դաշնային օգնություն տրամադրել՝ լրացնելու տեղի իշխանության ջանքերը Սուրֆսայդ քաղաքի շենքի փլուզման հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակից դուրս գալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բայդենի հրամանը ներառում է Ֆլորիդայի իշխանություններին ԱՄՆ ազգային անվտանգության դեպարտամենտի և երկրի արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության օգնությունը:
Հինգշաբթի գիշերը 12-հարկանի շենքը փլուզվել է Մայամի-Դադե շրջանում գտնվող Սուրֆսայդ քաղաքում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ մեկ մարդ է զոհվել, 99 մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Դեպքի վայրում երթևեկությունը սահմանափակված է: Տեղում աշխատում են ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները:
Ավելի ուշ Վեստի.ռու-ն հայտնել է. որ ավերվել է 130 բնակարանի մոտ կեսը: Հայտնի է 40 մարդու փրկության մասին: Պաշտոնապես հաստատվել է երեք բնակչի մահը։ 99 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։