Ալիևը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո ՀՀ իշխանությունները կհամաձայնվեն խաղաղության պայմանագիր կնքել
Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո նրա իշխանությունները կհամաձայնվեն խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրն ասել է Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:
«Հայաստանի կառավարությունն անտեսում է մեր ցանկացած հայտարարությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունների մեկնարկի մասին: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չէր նպաստում նման հայտարարությունների համար: Բայց հիմա, Հայաստանում անցկացված ընտրություններից հետո հուսով ենք դրական պատասխան ստանանք»,-ասել է Ալիևը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հունիսին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՝ ստանալով 53,92%:
Ալիևն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է Հարավային Կովկասում հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակից խաղաղ զարգացմանն ու համագործակցությանն անցնելու ցանկության մասին:
«Ցավոք, մենք նման բան երբեք չենք լսել ՀՀ կառավարությունից: Եթե մենք չունենանք խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, ապա խաղաղություն նույնպես չի լինի ոչ միայն երկու երկրների միջև, այլև ամբողջ Հարավային Կովկասում»,-շեշտել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը ԵՄ դիվանագետներին կրկին փորձել է հավաստիացնել, որ Արցախի հակամարտությունը լուծված է:
Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն պատասխանել է, որ ԵՄ երեք երկրների արտգործնախարարների այցը նպատակ ունի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը սատարելու վճռական ազդակ ուղարկել, ինչպես նաև մտածել, թե ինչպես աջակցել հետկոնֆլիկտային ժամանակահատվածում առաջացած բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը:
Նա հայտարարել է ԵՄ-ի շահագրգռվածությունն ավելի սերտ համագործակցել տարածաշրջանի հետ, մասնակցել հակամարտությունների լուծմանը, իսկ Արցախի հակամարտության դեպքում`ակտիվացնել ջանքերը հետպատերազմյան շրջանում զարգացման գործընթացներում ներգրավվելու համար:
Աուրեսկուն նաև շեշտել է էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի դերը որպես ԵՄ կարևոր ռազմավարական, իսկ տարածաշրջանում՝ խոշորագույն առևտրային և ներդրումային գործընկեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան