Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում 23 անձ աղիքային վարակով հոսպիտալացվել է
Հունիսի 25-ին աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության:Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Դեպքի առնչությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներ են` 29-ը Այրումի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, 14-ը՝ մեծահասակ: Խումբը նույն օրը 2 ավտոբուսով մեկնել է Շիրակի մարզ՝ էքսկուրսիա: Մասնակիցները Շիրակի մարզի Ջարդի ձոր կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում:
Մանրէաբանական հետազոտության նպատակով հիվանդներից կատարվել է նմուշառում:
Հաշվի առնելով, որ տարվա շոգ եղանակին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ.
• երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար,
• խուսափե՛ք երեխաներին հյուրասիրել աղցաններ, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ,
• ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի,
• խուսափե՛ք հատապտուղներ և այնպիսի միրգ և բանջարեղեն օգտագործելուց, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը,
• կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,
• խորոված պատրաստելիս, անպայման հետևե՛ք, որպեսզի միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը),
• հավկիթն օգտագործելիս, կճեպը մաքրելուց առաջ, ցանկալի է լվանալ կերակրի սոդայի թույլ լուծույթով,
• կիրառե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,
• խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից,
• ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար,
• մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները