Հաղթանակի բնակիչները բողոքի են դուրս եկել. «Թող այս ջուրն իրենց երեխաներին տան»
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչներն ահազանգում են՝ ամառվա տապին օրեր շարունակ զրկված են ջրից, իսկ ծորակից հազվադեպ կաթկթացող ջուրն էլ անորակ է ու վտանգավոր։
«Ոչ ջրագիծ է կառուցվել, ոչ ջրագիծ է փոխվել տարիներ շարունակ»,-նշում են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները։
Բնակիչներն առաջարկում են «Վեոլա ջուր»-ի աշխատակիցներին, տեղամասի պետին Հաղթանակի բնակիչներին մատակարարվող ջրից թող իրենց երեխաներին խմեցնեն։
«Երեխաներ ունենք, թոռնիկս մեկ ու կես տարեկան է, չեմ կարող ծորակի ջրից տալ, տեսեք, ջրի սարք եմ առել, դրել տանը»,-ասում է բնակիչներից մեկը՝ ընդգծելով, որ պարտաճանաչ կերպով վճարում են, փոխարենը նորմալ ծառայություն չեն ստանում։
Վեոլա ջուր ընկերությանն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներին դիմելուց հետո էլ խնդիրը չի կարգավորվել։
«Եթե հարցին լուծում չտրվեց, միանալու ենք, իրենց բերման ենթարկենք այստեղ, ամեն օր այդ ջուրը խմացնենք, որ իրենց կաշվի վրա զգան, թե մենք ոնց ենք ապրում»,-ասում է մեկ այլ բնակիչ։