«Հրապարակ». Ով կվերցնի և ով կդնի մանդատը
«Հրապարակ» թերթը գրում է.
««Պատիվ ունեմ» դաշինքում հետընտրական բուռն զարգացումներ են ընթանում՝ ով վերցնի մանդատը, ով բացարկի դիմում գրի։ Սերժ Սարգսյանը ցանկանում է հնարավորինս մեծ թվով ՀՀԿ-ականներ գործուղել խորհրդարան։ Նա այնքան էլ գոհ չէ ներկա համամասնությունից, որ յոթ հոգանոց խմբակցությունում չորս պատգամավոր լինելու են ՀՀԿ-ի քվոտայով, երեքը՝ Վանեցյանի։
Հիշեցնենք, որ Վանեցյանի կողմից ներկայացված թեկնածուներն են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն ու իմքայլական նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Արթուր Վանեցյանը նախօրեին ասաց, որ ինքը նույնպես կվերցնի մանդատը։ Մինչդեռ ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա, և մեկ հոգով էլ կավելանա իրենց թիմակիցների թիվը՝ ի դեմս գյումրեցի Մարտուն Գրիգորյանի։ Հիմա փորձում են համոզել, որ և՛ Տարոն Մարգարյանը, և՛ Իշխան Զաքարյանը օրենսդիր մարմնի համար հարմար գործիչներ չեն, ճիշտ կլինի՝ հրաժարվեն մանդատներից, և խորհրդարան անցնեն Թեհմինե Վարդանյանն ու Մարտուն Գրիգորյանը։
Բանն այն է, որ Զաքարյանը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ խնդիրներ է ունեցել և կարող է անկառավարելի դառնալ։ Մինչդեռ վերջինս կարծում է, որ ինքը համակարգելով ողջ ընտրական պրոցեսը՝ արժանի է այդ մանդատին և հավակնում է ղեկավարել «Պատիվ ունեմ»-ին տրվելիք մշտական հանձնաժողովը։
Ուշագրավ է, որ իշխանական ճամբարում այս հարցում կա կոմպրոմիս, և, ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր երկրորդ ուժին կառաջարկեն տնտեսական հանձնաժողովը, որն ուղիղ կապի մեջ է կառավարության հետ։ Իսկ Զաքարյանը կարող է կոնտակտի գնալ իշխանությունների հետ։ Թե ով կլինի դաշինքի խմբակցության ղեկավարը, այստեղ երկու կարծիք չկա՝ Արթուր Վանեցյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։