«Փաստ». Քաղաքական խորհուրդ, որում գերակշիռ մեծամասնությունը ընդգծված արևմտամետ ուժերն են լինելու
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չանցած ուժերի մի մասի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ ներկայումս ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Խոսքը, կարծես, քաղաքական խորհրդի մասին է, որը ունենալու է խորհրդատվական գործառույթ, գրեթե ինչպես Հանրային խորհուրդը, սակայն քաղաքական ուժերի մասնակցությամբ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գաղափարն առաջարկվել է արևմտյան ֆինանսավորում ունեցող որոշ շրջանակների կողմից։ Թերթն իր հրապարակումներից մեկում դեռևս մայիսի սկզբին գրել էր, որ «Նիկոլ Փաշինյանը արևմուտքին, մասնավորաբար ԱՄՆ-ին խոստացել է ամեն ինչ անել, որ առաջիկա խորհրդարանում գոնե մեկ արևմտյան միավոր հայտնվի, որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից ու հանգամանքների բերումով «ռուսաստանասեր» դարձած «Քաղպայմանագրից»»: Չնայած գործադրած հնարավոր ու անհնար ջանքերին, դա հնարավոր չդարձավ, ու հիմա մտածել են նման ձևաչափով ինչ-որ կերպ տվյալ խնդիրը կարգավորել։ Նշյալ խորհրդում, ըստ նախնական տեղեկությունների, գերակշիռ մեծամասնությունը ընդգծված արևմտամետ ուժերն են լինելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: