«Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է
Այսօր լրանում է արևմտահայ մեծանուն գրող, «նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակը:
Հոբելյանական տարվա շրջանակում «Հալեպ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Խղճմտանքի ձայներ. արևմտահայերեն թատերգություն» նախագիծը, որը կրում է Գ. Զոհրապի համանուն ժողովածուի խորագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Գրիգոր Զոհրապի «Խղճմտանքի ձայներ» ժողովածուից ընտրվել է «Փոստալ» նորավեպը և վերածվել թատերական գործի: Առաջնախաղը հունիսի 13-ին տեղի է ունեցել Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացում է նախատեսվում նաև հունիսի 28-ին:
Զոհրապյան նովելի թատերականացումը միտված է արևմտահայերենի պահպանմանն ու տարածմանը:
«Արևմտահայերենը միայն դասավանդելով և աշակերտներ ունենալով պահպանելն ու տարածելը բավարար արդյունավետ չեն, իսկ թատերական գործունեության միջոցով այն լսելի ու հասանելի դարձնելը լավագույն ձևերից մեկն է»,- ասում է նախագծի ղեկավար Ավետիս Ափոշյանը՝ հավելելով, որ այդ ծրագիրը գուցե հիմք դառնա ապագայում Գրիգոր Զոհրապի անվան արևմտահայերենի թատրոն հիմնելու համար:
Նախագծի շրջանակում նախատեսվում են թատերական ներկայացումներնաև ՀՀ մարզերում: Հուլիսին մարզային առաջին ներկայացումը տեղի կունենա Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, հաջորդը՝ Վանաձորում:
Հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը հեղինակել է նովելների երեք ժողովածուներ, «Անհետացած սերունդ մը», «Նարդիկ» վեպերը, բանաստեղծություններ և այլն։
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորել է իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։
1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձել է ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։
Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։
Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվել է թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։
1908 թվականին Զոհրապն ընտրվել է թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։
Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։
Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914 թվականին բարձրացրել է Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։
1915 թ. մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվել և աքսորվել է Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրել է՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմել է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։
Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալվել է։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան