ԱՄՆ հետախուզությունը ՉԹՕ-ները ազգային անվտանգության հնարավոր սպառնալիք է որակել
Անհայտ թռչող օբյեկտները կարող են խնդիրներ առաջացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցում:
«Անհայտ օդային օբյեկտներն անվտանգության խնդիր են իրենցից ներկայացնում և կարող են մարտահրավեր նետել ԱՄՆ ազգային անվտանգության համար: Անվտանգության խնդիրները հիմնականում պայմանավորված են այն փաստով, որ օդաչուները գործ ունեն ավելի ու ավելի ծանրաբեռնված օդային տարածքի հետ»,-ասվում է փաստաթղթում:
Ըստ հետախուզության սպաների՝ մասնավորապես, սպառնալիք են ներկայացնում չբացահայտված օդային երևույթները, որոնք օտարերկրյա հակառակորդների համար տեղեկատվություն հավաքելու հարթակներ են: Նրանք մտահոգված են նաև այն հնարավորություններով, որոնք ցույց են տալիս, որ թշնամին կարող է «խափանարար կամ հեղափոխական տեխնոլոգիա» մշակել:
Զեկույցում նշվում են ենթադրյալ ՉԹՕ-ի արձանագրման 144 դեպքեր, որոնք համարժեք բացատրություն չեն ստացել: «Միևնույն ժամանակ, միանշանակ եզրակացություններ չկան այդ երևույթների բնույթի վերաբերյալ, և դրանց ուսումնասիրությունը կպահանջի ավելի շատ ժամանակ, ավելի համակարգված մոտեցում և զգալի միջոցներ»,-նշվում է զեկույցում: