Նախարար տղա ես, եթե այդքան տղա ես, հել, արի այստեղ, քեզ ենք ընտրել, արա, ինչի՞ ես ոստիկանին ուղարկել. Բողոքող արմավիրցի
Արմավիրի մարզի 13 գյուղեր արդեն քանի օր է ոռոգման ջուր չունեն։ Այսօր ժամը 10։00-ից, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նրանք փակել են Երևան-Արմավիր ճանապարհը։
«Առավոտվա տասից փակել ենք, ոստիկաները եկան, խնդրեցին բացենք, ասացին՝ զանգել ենք, կգան պատասխատուները, երեք ժամ է չկան։ Նստել են իրենց աշխատասենյակներում, այս խեղճ ոստիկաններին հանել, ուղարկել են մեզ վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ճանապարհը փակած արմավիրցներից մեկը։
Նրանք պահանջում են իրենց հետ հանդիպման գա Արմավիրի մարզպետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Պետք է գա մարզպետը, նախարար Սուրեն Պապիկյանը։ Թող հելնի, գա, ինչի՞ ես ոստիկանին ուղարկել, ես ջղայանացած եմ, որ կռիվ սարքես։
Ինչի՞ ես ոստիկանին ուղարկել։ Նախարար տղա ես, եթե այդքան տղա ես, հել, արի այստեղ, քո ժողովուրդն ենք, քեզ ենք ընտրել արա, ինչի՞ ես ոստիկանին ուղարկել։
Ես չեմ ուզում կռիվ անել ոստիկանի հետ, թուրքի հետ եմ կռիվ արել»,- ասացին բողոքող արմավիրցիները։
Նրանք նշում են՝ իրենց բերքը փչանում է, ով է դրա դիմաց իրենց փոխհատուցելու։
Արմավիրցիների հետ հանդիպեց Էջմիածնի ջուրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը։ Նա նշեց, որ բնակիչների բարձրաձրած հարցն արդարացված է։
«Երկու օր ջուր չկա։ Պատճառն այն է, որ Սևան-Հրազդան կանալով ենք ջուր ստանում, գալիս է Երևանի միջով՝ Մալաթիայի հատվածով։ Հենց երեք օր առաջ վթար է եղել, ջուրը լցվում է բնակարաններ, մանկապարտեզ։ Երկրորդ օրն է շինարարական աշխատանքներ են ընթանում, մինչև օրվա վերջ աշխատանքները կավարտվեն, ջուրը կմիացնեն։
Կանալն այս պահին շահագործման ենթակա չէ, Սևանից եկող ջուրը չի կարող տեղ հասնել, քանի որ Մալաթիայի հատվածում լցվում է ջուրը քաղաքացիների բնակարաններ։ Այսօր երեկոյան լինելու է»,- պատճառն այսպես ներկայացրեց Ա. Սարգսյանը։
Գյուղացիները ընդգծում են՝ ջուր չլինելու պատճառով, իրենք վնասներ են կրում, ո՞վ է վճարելու իրենց։
Էջմիածնի ջուրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենն ասաց, որ եթե ջրի պատճառով որևէ վնաս կրած լինեն, կփորձեն լուծում գտնել։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը
- Երաշտ է, հայ գյուղացին ձմռան շեմին հայտնվելու է սովի ճիրաններում. Վահան Թումասյան