Լավրով. Ռուսաստանը կամավոր ներդրումներով կշարունակի աջակցել ՄԱԿ-ի փախստականների առաքելությանը
Ռուսաստանը կշարունակի ֆինանսավորել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓՀԳՀ) ծրագրերը և աջակցել նրա մարդասիրական աշխատանքին: Այս մասին այսօր, Tass-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բանակցություններ սկսելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
«Մենք ֆինանսավորում ենք ՄԱԿ ՓՀԳՀ մի շարք ծրագրեր աշխարհի տարբեր տարածաշրջաններում, առաջին հերթին մեր անմիջական միջավայրում: Եվ մենք ենթադրում ենք, որ գերատեսչության հետագա աշխատանքը կշարունակի հենվել միջազգային մարդասիրական իրավունքի ամուր սկզբունքների վրա՝ անկողմնակալություն, չեզոքություն և օբյեկտիվություն», - ասել է Լավրովը:
Նա ավելացրել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի դերը աշխարհում մարդասիրական խնդիրների լուծման գործում: Լավրովի խոսքով ՝ այս աշխատանքը հատկապես արդիական է կորոնավիրուսային համաճարակի համատեքստում: