Ֆրանսիական համալսարանում արհեստական բանականություն մագիստրոսական նոր ծրագիր է մեկնարկում
Հայաստանում ֆրանսիական համալսարանում արհեստական բանականություն մագիստրոսական նոր ծրագիր է մեկնարկում և այս տարվա սեպտեմբերին համալսարանը կընդունի իր առաջին ուսանողներին Արհեստական բանականության գիտական ծրագրի նոր ֆակուլտետում: Ասուլիսում ասաց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը:
«Հայաստանում ֆրանսիական համալսարանում մենք միշտ ստեղծում ենք ծրագրեր, որի կարիքն ունի Հայաստանը: Երբ որ հանդիպում եմ Հայաստանի կրթության կամ բարձր տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչների հետ հաճախ հարցնում եմ, թե ինչի կարիքն ունեն»,- նշեց նա:
Բերտրան Վենարի խոսքով, իրենք իրենց ծրագրերը միշտ հիմնում են միջազգային համագործակցության հիմքերի վրա՝ ինչ անել օգնելու այն երկրին, որտեղ աշխատում են: Նա ասաց, որ նաև լսում են ձեռնարկությունների պահանջմունքները:
Ասուլիսին ներկա Ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի Գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համադեկան Ալեն Կրուզիլի խոսքով, Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի դասախոսները գալու են դասավանդելու Երևանում. «Բակալավրիատի մակարդակում նախատեսվում է մոտ 10 դասախոսի այց, մագիստրատուրայի համար նախատեսված է գրեթե նույն թիվը: Առաջին դասախոսները կլինեն Հայաստանում սեպտեմբերին դասավանդելու մագիստրատուրայի արհեստական բանականության ֆակուլտետի ուսանողներին»:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանն ասաց, որ ծրագիրն իրականում բավականին առանձնահատուկ է հայաստանյան կթրական շուկայի համար, քանի որ հիմնված է արհեստական բանականության երկու հենասյուների վրա, հնարավորություն է տալիս ֆունդամենտալ բազային դասընթացները հաճախելուց հետո ընտրել, թե որ ճյուղի մեջ ավելի մասնագիտանալ: