Նախահիվանդանոցային բուժօգնության մասին գիրք է լույս տեսել
ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, առողջապահության հմուտ կազմակերպիչ Հարություն Մանգոյանի հեղինակած «Նախահիվանդանոցային բուժօգնություն» գիրքն այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանձնվեց բժշկական համայնքի դատին:Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։
Փորձառու բժիշկն աշխատել է գրքի ստեղծման վրա շուրջ երեք տարի:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծեց, որ լույս է տեսել ծավալով փոքր, բայց բովանդակալից գիրք, որտեղ ամփոփված են գործելակարգերը, որոնք արտացոլում են միջազգային մոտեցումները տարբեր իրավիճակներում:
«Տեքստում հստակ, քայլ առ քայլ ցույց է տրվում, թե ինչպիսի գործելակարգ պետք է ունենա բժիշկն այս կամ այն իրավիճակում՝ սուր շնչառական անբավարություն, շոկային իրավիճակներ կամ ցավային համախտանիշ և այլն»,- նշեց ռեկտորը՝ հավելելով, որ կորոնավիրուսային համավարակի, պատերազմի հետևանքով լրջագույն փորձությունների ենթարկված առողջապահական համակարգի համար հստակ գործելակարգերը մեր օրերում պահանջված են:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ ձեռնարկն արդիական է և ժամանակին համահունչ՝ կազմված բժիշկ Մանգոյանին բնութագրող ձևաչափով:
«Բժշկական համալսարանում այսօր ապացուցողական բժշկության սկզբունքների հերթական հաղթարշավն է»,-ասաց բուհի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ ապացուցողական բժշկության հայերեն նմանօրինակ ձեռնարկները վստահ քայլերով բարեփոխումներ կկատարեն առողջապահության ոլորտում:
Ինչպես նշեց գրքի հեղինակ Հարություն Մանգոյանը, անդրադարձ է կատարվել մի բնագավառի, որտեղ ապացուցողական տեղեկատվության մեծ պակաս կա: «Այս գիրքը մեր մասին է: Իմ ցանկությունն է, որ այն դառնա շտապօգնության բժշկի համար գործընկեր, որի հետ կանցկացնի իր հերթապահության մի փոքր մասը: Այդ պատճառով ընտրել եմ առանց նկարագրությունների գործելակարգային պարզ ոճը»,-ասաց առողջապահության կազմակերպիչը՝ ընդգծելով, որ օգտվել է տարբեր, հիմնականում ռուսալեզու աղբյուրներից, փորձել է ներկայացնել տարաբնույթ հարցեր՝ սկսած աշխարհում շտապօգնության կայանների սկզբնավորման պատմությունից, բժիշկների առջև դրված պահանջներից, միջազգային փորձից, աշխարհում թեմայի շուրջ ապացուցողական նյութերի հրատարակումից, մինչև հոսպիտալացման որոշման ընդունման, իրավաբանական, օդային տարհանմանը վերաբերող հարցերին:
«Նախահիվանդանոցային բուժօգնություն» գրքով բժիշկ-գիտնականը ևս մեկ անգամ կարևորում է մասնագիտական հավատարմագրման, կադրերի շարունակական կրթության, մասնագետների նոր իմիջի ձևավորման, ֆինանսավորման խթանման հարցերը:
Հարություն Մանգոյանը եզրափակելով խոսքը՝ շնորհակալություն հայտնեց գործընկերներին, որոնք գրքի առանձին գլուխները մշակելիս մեծ աջակցություն են ցուցաբերել իրենց մասնագիտական գիտելիքներով, ինչպես նաև շտապօգնության ծառայության բժիշկների երիտասարդ թիմին:
Հեղինակի գնահատմամբ՝ ձեռնարկի հիմնական լսարանը շտապօգնության բժիշկներն են, որոնք ծանոթանալով գրքում տեղ գտած գրականությանը, հնարավորություն կունենան համալրել տեսական գիտելիքները:
Նշենք, որ գրքում ապացուցողական բժշկության հիման վրա լուսաբանվում են շտապօգնության տեսական և գործնական հիմնահարցերը։ Առաջին անգամ հայերենով ներկայացված է շուրջ 50 անհետաձգելի վիճակի գործելակարգ՝ ինչպե՞ս ախտորոշել, ի՞նչ բուժօգնություն ցուցաբերել տեղում, ե՞րբ տարհանել և այլ։
Բժշկական հրատարակության առանձին բաժինների խորհրդատուները ԱՆ գլխավոր խորհրդատուները և ԵՊԲՀ կլինիկական ամբիոնի վարիչներն են:
Միջոցառմանը ներկա էին տարբեր ոլորտներ ներկայացնող անվանի բժիշկներ, վերակենդանցման մասնագետներ, ուսանողներ: