Հայ փաստաբանները Ադրբեջանում կլինեն շատ ուժեղ ճնշման տակ, նրանց անվտանգությունն Բաքուն չի կարող ապահովել. Բորիս Ավագյան
«Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ուզում են, որ ստեղծվի հանձնաժողով, որում ներկայացված կլինեն ԱԱԾ-ն, կառավարություն, ՊՆ-ն, ծնողների ներկայացուցիչները, որպեսզի պատշաճ զբաղվեն այն գործընթացով, որն անհրաժեշտ է անհետ կորածներին ամեն մեկին անհատական մոտեցման համար»,- կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
Նրա խոսքով, գերիների ծնողները շատ են և եթե 10-15 հոգի եկել ու համաձայնել է, որ ստեղծվի հանձնաժողով և բավարարվել է, այն էլ այնպիսի հանձնաժողով, որն իրենց պետք է տեղեկացնի, ապա տեղեկացման համար հանձնաժողով պետք չի ստեղծել, անիմաստ է:
«Պետք է ստեղծել հանձնաժողով, որը կկարողանա լիակատար աշխատել և ամեն մի հարցին մոտենա անհատական: Որովհետև կան ծնողներ, որոնք ինձ գրում են, հարցնում՝ մեր երեխան դատվում է, վե՞րջ, էլ չի գալո՞ւ: Նրանց պետք է իրավաբանական խորհրդատվություն տրամադրվի, որպեսզի հասկանան՝ այդ բեմադրված դատավարությունը, որ տեղի է ունենում, շոու է միջազգային հանրության համար: Որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկացած ցուցմունք, որը քեզ անհրաժեշտ է, կարող ես ստանալ»,-ասաց Բորիս Ավագյանը։
Խոսելով Բաքվում ընթացող հայեր գերիների դատավարություններին հայ փաստաբաններ ներգրավելուն, նա նշեց. «Իհարկե, ուրախալի է, որ հայ փաստաբանները պատրաստ են մեկնել Բաքու, բայց նրանց օգնությունն ու խորհրդակցությունն այնտեղ կլինի ոչ արդյունավետ: Ես կարծում եմ՝ անհրաժեշտություն կա հրավիրել միջազգային փաստաբանական կազմակերպություն, որը հնարավորություն կունենա աջակցել մեր տղաներին: Պետք է լինեն միջազգային փաստաբաններ, որոնց վրա ճնշում չի գործադրվի Բաքվում: Մեր հայ փաստաբանները Բաքվում կլինեն շատ ուժեղ ճնշման տակ, չեմ հավատում, որ նրանց անվտանգությունը Բաքուն կարող է ապահովել»:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը հետևողական չի, այլապես 8,5 ամիս երեխաները չէին տանջվի գերության մեջ. Ակցիա՝ կառավարության դիմաց
- Ադրբեջանը գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե է արհամարհել. ՄԻՊ
- Հայ փաստաբաններն ուզում են մուտք գործել Ադրբեջան՝ ստանձնելու հայ գերիների պաշտպանությունը
- ՓՊ-ն նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան