ԵՄ խորհուրդը թույլատրել է ավիացիոն համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ․ տոմսերի գները կարող են իջնել
Եվրամիության խորհուրդը թույլ է տվել ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի վերաբերյալ համաձայնագրեր ստորագրել Հայաստանի և Ուկրաինայի հետ: Կանաչ լույս ստացան նաև Թունիսի և Քաթարի հետ նման համաձայնագրերը: Որոշումը կայացրել են ԵՄ երկրների նախարարներն այսօր՝ հունիսի 28-ին։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:
«ԵՄ խորհուրդն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի չորս կարևոր համաձայնագրեր, որոնք կբարելավեն ավիաընկերությունների շուկայի հասանելիությունը և կբարձրացնեն հաղորդակցությունն ու քաղաքացիների տեղաշարժի ազատությունը: Միևնույն ժամանակ, դրանք երաշխավորում են անվտանգության բարձրագույն մակարդակ և հավասար պայմաններ ստեղծում»,- ասել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանթոսը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում:
Ակնկալվում է, որ բոլոր չորս պայմանագրերը կստորագրվեն այս աշնանը: Դրանից հետո դրանք պետք է վավերացվեն ստորագրող երկրների, Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: Մինչև այս գործընթացի ավարտը՝ ավիացիոն համաձայնագրերը Ուկրաինայի, Հայաստանի և Քաթարի հետ ժամանակավորապես կկիրառվեն։
Ի՞նչ է ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքը Ուկրաինայի և Հայաստանի հետ
Ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիրը հաճախ անվանում են «բաց երկինք»: Այն չպետք է շփոթել ռազմական հետախուզական թռիչքների հետ կապված «Բաց երկնքի մասին» պայմանագրի հետ:
Ընդհանուր ավիացիոն տարածքը վերաբերում է քաղաքացիական ավիացիային և նախատեսում է օդային տրանսպորտի շուկաների փոխադարձ բացում ԵՄ և հարևան երկրների միջև: Խոսքը ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների և փոստային փոխադրումների մասին է:
Ակնկալվում է, որ ընդհանուր օդային տարածքը Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն թռչելու ավելի շատ հնարավորություններ կբացի, ինչպես նաև կնպաստի օդային փոխադրումների շուկայում մրցակցությանը, ինչը, ի վերջո, կարող է իջեցնել տոմսերի գները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են