Քաղաքակրթության բոլոր նորամուծությունները՝ տեսողության վատթարացման պատճառ. ակնաբույժ
Համակարգիչները, հեռախոսները, հեռուստացույցը տեսողության վատթարացման հիմնական գործոններից են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը՝ հավելելով, որ քաղաքակրթության բոլոր նորամուծությունները՝ հեռախոսներ, համակարգիչներ, նպաստում են կարճ տարածության վրա լարվածություն ստեղծելուն:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի նշվում է կույրերի միջազգային օրը: Նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները:
Ըստ մասնագետի՝ այսօր աշխարհում կա մոտ 290 մլն մարդ, որոնք տեսողության հետ կապված խնդիրներ ունեն: Նրանցից 39 մլն-ն ամբողջությամբ կույր են, իսկ 19 մլն-ը երեխաներ են:
Խոսելով կույրերի և կուրության պատճառների մասին, ակնաբույժն ասաց, որ տեսողության վրա ազդում են նաև էկոլոգիական խնդիրները, վիտամիններով ոչ հարուստ սնունդը, սթրեսները, ամբողջ օրը համակարգիչների մոտ նստելը: Բացի այդ, տեսողական խնդիրներ առաջանում են տարիքային փոփոխության ժամանակ:
«Տեսողության իրական արժեքը կարող է հասկանալ այն մարդը, ով ունեցել է տեսողություն և կորցրել է այն: Այսօր մեր խնդիրն է օգնել այդ մարդկանց, ովքեր ունեն նման խնդիրներ»,- ասաց նա:
Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը նշեց, տեսողական խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ անվերադարձ կուրություն և շտկվող, որոնք ժամանակին բուժելու դեպքում կարող են կանխել կուրությունը: Նա միաժամանակ նշեց, որ տարածված հիվանդություններից են գլաուկոման և շաքարային դիաբետի արդյունքում առաջացող աչքի հիվանդությունները:
Ինչ վերաբերում է կարճատեսությանը, ապա, ըստ ակնաբույժի, վերջին տարիներին այդ հիվանդությունը երիտասարդացել է: Սակայն, ըստ նրա, եթե նախկինում այն համարվում էր անբուժելի հիվանդություն, ապա այսօր այն շտկվում է. Հայաստանում արդեն 15 տարի է լազերային շտկում կատարվում է կարճատեսության, հեռատեսության դեպքում:
Խոսելով կերատոկոնուս հիվանդությունից, Լուսինե Բեկիրսկա-Թամազյանն ասաց, որ այս հիվանդությունը նույնպես նախկինում համարվում էր անբուժելի, սակայն 7 տարի է Հայաստանում այն բուժվում է: Դա կոչվում է հայերի, հրեաների հիվանդություն: Այս հիվանդության առկայության դեպքում հիվանդներն ունենում են տեսողության վատթարացում, լուսավախություն, արցունքաբերություն: Այն հիմնականում բուժվում է ուլտրամանուշակագույն ճառագայթի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում