Բժիշկ Սահակյան. Ի աջակցություն պրոֆեսորի մեզ են դիմում Արցախում վիրավորված ու Չարչյանի նշտարով բուժված զինծառայողները
Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում բժիշկները՝ պահանջելով ազատ արձակել հայտնի բժիշկ, «Իզմիրլյան կենտրոն» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։
Բժիշկ Սամվել Սահակյանը, որ օրեր առաջ գլխավոր դատախազության, կառավարության, արդարադատության նախարարության շենքերի դիմաց ընթերցեց այդ մարմիններին ուղղված նամակները, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ պատասխան չեն ստացել, բայց ակնկալում են գործողություններ։
«Թող օգնեն, որ մենք կարողանանք մեր գործով զբաղվել։ Այստեղ հավաքվածների թվում պատերազմի մասնակիցներ կան, եղել ենք խրամատում, թաքցրել ենք, որ բժիշկ ենք, մի քանի օր անց պարզվել է, որ մեր կարիքը կա որպես բժիշկ, ինչից հետո մենք տեղափոխվել ենք խրամատից նկուղ»,-ասաց Սահակյանը։
Նա նշեց, որ պատերազմը խելագարության նման է, այդ օրերի մղձավանջն օգնում են մոռանալ իրենց ուսանողները, ապաքինվող հիվանդները։ Արմեն Չարչյանի կալանավորումը նորից խաթարել է գործընկերների անդորրը։ Սահակյանը խնդրեց ազատ արձակել Չարչյանին, թույլ տալ իրենց վերադառնալ բնականոն աշխատանքի։
««Իզմիրլյան» ԲԿ-ն աշխատում է նույն լարվածությամբ, չի խաթարվել աշխատանքը։ Հետաքրիրք է, որ այսօր էլ Արմեն Չարչյանի դռան դիմաց հերթեր են գոյանում»,-ասաց նա։
Բժիշկները ՀՔԾ դիմաց իրավապահ մարմիններին հորդորեցին, հաշվի առնելով իրենց գործընկերոջ առողջական վիճակը, խափանման միջոցը փոխել։ Համարում են, որ Չարչյանը որևէ անօրինական բան չի արել։
Վնասվածքաբան Համլետ Ստեփանյանը խոստովանում է, որ կյանքում առաջին անգամ բժշկի խալաթով փողոց է դուրս եկել, հույս ունի՝ արդարությունը կհաղթի։
«Թող արդարությունը հաղթի, մեր ուսուցիչը, պրոֆեսորը, որ Հայաստանի բացարձակ արժեքներից մեկն է, երևի չեք գտնի մի մարդ, որի հարազատին, բարեկամին բուժած չլինի։ Նրան անազատության մեջ պահելն անարդար է»,-ասաց բժիշկը։
Այսօր բժիշկների նամակի հասցեատերը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է։
«Երեկվանից պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակն ավելի է վատացել, որը չի կարող ազդեցություն չունենալ մեր՝ Հայաստանի բժշկական հանրության վրա։ Մենք վերջին ճիգերն ենք գործադրում մեծ սիրով ու հոգով բուժել հիվանդին, կռիվ տալ հիվանդության դեմ ի շահ ժողովրդի, բայց մեր ուժերը լքում են մեզ։ Բայց մենք չենք ուզում պարտվել։ Պարոն Խաչատրյան, խնդրում ենք, արեք ամեն բան, որ հիվանդության դեմ կռվում հաղթողը լինենք մենք։ Մեծահոգությունը հզորացնում է մարդուն, եղեք հզոր, արեք ամեն բան, որ պարոն Չարչյանը լինի ազատության մեջ։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, արդարադատությանը, մարդասիրությանը»,-նամակն ընթերցեց Սահակյանն ու նշեց՝ բժշկական համայնքը երաշխավորում է, որ Չարչյանը չի խոչընդոտի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց։
Նրանք նշեցին, որ իրենց զանգահարում են ու աջակցություն են հայտնում օտարերկրացի ակադեմիկոսներ, Արցախում վիրավորված ու Չարչյանի նշտարով բուժված զինծառայողները, պատասխանում են, որ Հայաստանում արդարադատություն կա, մեծահոգություն ու չկա փոքրոգություն։
«Պարոն Խաչատրյան, այնպես արեք, որ մեզ խաբված չզգանք»,-ամփոփեց նամակի ընթերցանությունը բժիշկ Սահակյանն ու այն հանձնեցին ՀՔԾ։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ ենք ՀՔԾ-ին վերադառնալ իրավական դաշտ․ Չարչյանի փաստաբաններ
- Պրոֆեսոր Չարչյանի ընդունարանի դիմաց այսօր 30 հոգի նստած նրան էին սպասում. Բժշկականի դասախոս
- Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- ՀՔԾ-ն Չարչյանի պաշտպաններին ուղղված կոչ է հրապարակել
- Չարչյանի պաշտպան. Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը
- Խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արմեն Չարչյանի պաշտպան
- Դատախազությունն արձագանքել է Արմեն Չարչյանի պաշտպաններին
- Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան