Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով երեխա է զոհվել
Մեկ երեխա է զոհվել և ևս երեք մարդ վիրավորվել են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Էլ-Զոր նահանգի բնակավայրերից մեկի շենքերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է սիրիական պետական «Al-Ikhbariya» հեռուստաալիքը:
«Դեյր Էլ-Զոր քաղաքում գտնվող մեր թղթակիցը, վկայակոչելով բնակիչներին, ասել է, որ մարտական ինքնաթիռը, ենթադրաբար ամերիկյան, հրթիռակոծել է սիրիա-իրաք սահմանի մոտակայքում գտնվող Աբու Քամալի քաղաքի ծայրամասում գտնվող բնակելի շենքերը: Լրագրողը նշել է, որ Ագրեսիայի արդյունքում երեխա է մահացել, երեք քաղաքացիական անձ վիրավորվել են, հասցվել է նյութական վնաս»,-նշում է հեռուստաալիքը:
Ենթադրվում է նաև, որ ամերիկյան ինքնաթիռները Իրաքի հետ սահմանակից այս տարածքում մեկից ավելի հարձակումներ են իրականացրել:
Military.com մասնագիտացված պորտալը, հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցչին, հայտնել է, որ տարածաշրջանում օդային հարվածներ հասցվել են F-15 և F-16 կործանիչների կողմից, և օգտագործվել են տարբեր տեսակի բարձր ճշգրտության հրթիռներ: