28.06.2021. «Հենակետ». Ալիևը հաստատել է Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, խորհրդարանական ընտրություններից հետո ճիշտ եզրակացություններ անել։
Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր ՀՀ ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո»։ Ալիևն ընդգծել է, թե Հայաստանում ընտրությունների ավարտից հետո խաղաղություն հաստատելու ուղղությամբ դրակական պատասխան են ակնկալում Երևանից։
Ալիևի մեկնաբանությամբ՝ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, իսկ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, ուստի այս հարցի շուրջ բանակցությունների անհրաժեշտություն չկա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Բաքվի և Երևանի հռետորաբանությունը պետք է համապատասխանի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների ընդհանուր նպատակներին․ ապակայունացնող հայտարարությունները խաթարում են վստահությունը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ։
Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Հունիսի 21-ին, Ալիևն ընդունել է Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար Գամար Ջավեդ Բաջվային: Իր խոսքում Ալիևը կարևորել է այն հանգամանքը, որ Պակիստանը չի Ճանաչել Հայաստանը որպես պետություն և աջակցում է Ադրբեջանին, Բաքուն էլ իր հերթին Իսլամաբադին է աջակցում Քաշմիր նահանգի հարցում։ Ալիևը խոսել է նաև համագործակցությունը խորացնելու և համատեղ զորավարժություններ պլանավորելու անհրաժեշտության մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի 21-ին Բաքվում հանդիպել է Բաջվայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել լեռնային ուսումնական կենտրոնների համատեղ օգտագործման, զինվորական անձնակազմի լեռնային մարզումների և համատեղ վարժանքների վերաբերյալ:
«Real TV»-ին տված հարցազրույցում Զ․Հասանովը նշել է, թե Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները այս տարվա սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Ներկայումս ստուգվում է զորավարժությունների անցկացման տարածքը։
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հունիսի 21-ից 23-ը Նախիջևանում հատուկ մարտավարական զորավարժություններ են ընթացել տեղի կայազորի զորքերի և Թուրքիայի զինված ուժերի կառավարման մարմինների հետ։ Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարներում որոշ թուրք զինվորականների դեմքերը փակված են։
Հունիսի 22-ից 23-ը Ադրբեջանում անցկացվել են մարտական վարժանքներ՝ ռազմանավերի ու ծովային հետևակայինների ջոկատի մասնակցությամբ: Թուրքական Քոնյա քաղաքում շարունակվել են «Անատոլիական արծիվ 2021» միջազգային թռիչքամարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցել են նաև ադրբեջանական օդուժի զինվորները: Զորավարժություններն ընթանալու են մինչև հուլիսի 3-ը։
Թուրքական փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հետ կապված Էրդողանի հայտարարությունը։ Նշվել է, որ ամենայն հավանականությամբ թուրքական ռազմաբազան կստեղծվի 5 տարվա ընթացքում։
Ադրբեջանական «Meydan TV»-ն հաղորդել է, որ 35 լքված գերեզման կա, որտեղ հուղարկավորվել են Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցները, սակայն ոչ ոք չգիտի՝ ովքեր են նրանք։ Տեղական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ, իսկ Ադրբեջանի ՊՆ-ից չեն պատասխանել։ Ըստ լրատվամիջոցի՝ պատերազմում, ընդհանուր առմամբ, 6․000 ադրբեջանցի է զոհվել և վիրավորվել։
Մինսկում բացվել է զենքի և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսը՝ «MILEX-2021»-ը, որտեղ ներկայացվում են Բելառուսում, Ռուսաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում արտադրված զենքի և ռազմական տեխնիկայի ամենաժամանակակից մոդելները:
Ադրբեջանին միջոցառման ընթացքում ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի գլխավորած պատվիրակությունը: Վերջինս ցուցահանդեսի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելառուսի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հետ և քննարկել համագործակցության հեռանկարները։
Հունիսի 24-ին Հայաստանի հետ սահմանակից Որոտանի (Կուբաթլու) շրջանի տարածքում Ադրբեջանը նոր զորամաս է բացել։
Իլհամ Ալիևի որոշմամբ 24,5 միլիոն մանաթ (14 միլիոն 411 հազար դոլար) է հատկացրել Հայաստանի հետ սահմանի պահպանման և պաշտպանության համակարգի էներգիայի մատակարարման համար:
Հունիսի 26-ին Ալիևը ծանոթացել է ռազմաօդային ուժերի նորակառույց զինվորական ավանում ստեղծված պայմաններին, ինչպես նաև ՌՕՈՒ անձնակազմի ընտանիքներին տրամադրված բնակարաններին:
Հունիսի 26-ին Թուրքիայի ՊՆ-ն շնորհավորել է ադրբեջանցի զինծառայողներին ԶՈւ օրվա առթիվ։ Բաքվում ԶՈւ օրվան նվիրված հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա, և սկսվել է ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման գործընթացը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը:
Ադրբեջանցիները հունիսի 26-ին Հադրութում տեղադրել են «Երկաթե բռունցքի» հուշարձանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի նախագահի որոշմամբ բարձրացվել է Արցախի բռնազավթվածշրջաններում ծառայող զինվորականների աշխատավարձը: Նրանց կվճարվի ամսական աշխատավարձի 20-60% հավելավճար՝ կախված 5 տարվա ծառայության ժամկետից և վայրից:
Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ մոտ ապագայում ականներ հայտնաբերող իսրայելական ԱԹՍ-ները կարող են մտնել Ադրբեջանի սպառազինության համակարգ: Ըստ իսրայելցի մասնագետների՝ այդ ԱԹՍ-ներով հնարավոր կլինի 1 տարվա ընթացքում ականներից մաքրել Արցախից գրավված տարածքները։
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 21-ի կառավարության նիստին հաջորդած ասուլիսում hույս է հայտնել, որ կարճ ժամանակում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքները կվերականգնվեն, իսկ ադրբեջանցի փախստականները կվերադառնան։ Ըստ Էրդողանի՝ «Շուշիի հռչակագրի» շրջանակներում շատ մոտ ապագայում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պայմանագրեր կստորագրեն, որոնցով ավելի կամրացնեն իրենց համագործակցության իրավական հիմքերը։
Շաբաթվա ընթացքում Ալիևը հաստատել է Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը։ Փաստաթղթով նաև որոշվում են պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են քաղաքի վերականգնմանը, մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանությանը, ինչպես նաև զբոսաշրջության համար պայմանների ստեղծմանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ մշակվել է Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը, իսկ ծրագիրն իրականացնում է ճարտարապետությամբ և պլանավորմամբ զբաղվող բրիտանական «Chapman Taylor» ընկերությունը։ Այս ընկերության հետ արդեն կնքվել է 3․94 մլն մանաթի՝ 2․4 մլն դոլարի պայմանագիր։ Այս ամենը մեծ իրարանցում է առաջացրել ադրբեջանական հանրության շրջանում, քանի որ մրցույթի վերաբերյալ նախապես ոչինչ չի հայտարարվել և տեղական ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցել։
Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար Խալիդ բին Աբդուլազիզ Ալ-Ֆալիհի հետ հանդիպմանը այդ երկրին հրավիրել է մասնակցություն ունենալ Ղարաբաղի վերականգնմանը։ Ի պատասխան սաուդցի նախարարը հավաստիացրել է, որ իր երկրի ընկերությունները շահագրգռված են մասնակցելու Ադրբեջանում իրականացվող նախագծերին:
Բաքվում Չեխիայի դեսպան Միլան Էքերտը հայտարարել է, թե Չեխիան մշակում է մի շարք նոր նախագծեր` Արցախից Ադրբեջանի կողմից գրավված տարածքների ենթակառուցվածքներում մեծ ներդրումներ կատարելու նպատակով։ Նրա խոսքով ՝ Չեխիան շահագրգռված է նաև Ադրբեջանի հետ համագործակցել էներգետիկայի ոլորտում:
Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գենադի Չիժիկովը հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստ է միանալ Ղարաբաղի վերականգնման գործընթացին:
Փախստականների և ներքին տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը հայտարարել է, թե ներքին տեղահանվածների ճնշող մեծամասնությունը կվերադառնա Ղարաբաղ, սակայն առաջին հերթին բնակարանային խնդիրներ ունեցողները կվերադառնան։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Ակնա (Աղդամ) կատարած ուղևորության ընթացքում հայտարարել է, թե Ղարաբաղում նախատեսվում է տեղադրել 13 ջրաբանական կայան: Ըստ Մուստաֆաևի՝ Արցախից գրավված տարածքների ջրային ռեսուրսները գնահատվում են 2 միլիարդ խորանարդ մետր, ինչը լիովին կբավարարի Ադրբեջանի ջրային պահանջարկը։
Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ
Շաբաթվա ընթացքում առաջին կոնտեյներային գնացքը Հելսինկիից (Ֆինլանդիա) մեկնել է Հնդկաստանի Նավա Շևա նավահանգիստ: «ADY Container» ընկերությունից հայտնել են, որ անցնելով Ադրբեջանով՝ գնացքը 32 բեռնարկղերից բաղկացած բեռը հասցնելու է Հնդկաստան։ Այն փորձնական ծրագիր է, որը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում իրականացվում է մասնակից երկրների երկաթուղային օպերատորների համագործակցության արդյունքում։
Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսաֆին «Թուրան» լրատվական գործակալությունը տված հարցազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե Թեհրանում դժգոհ են «Զանգեզուրի միջանցքի» բացման հեռանկարից, նշել է․ «Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Մենք կողմնակից ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած երթուղով՝ առանց պետությունների սահմանների փոփոխության։ Այդ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է»։
Ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Զաուր Գահրամանովը հայտարարել է, որ ակնկալվում է Թուրքիայի համար բնական գազի սակագնի նվազեցում։ Գահրամանովը շեշտել է, որ «SOCAR»-ը մինչ այժմ Թուրքիայում ներդրել է 19.5 միլիարդ դոլար՝ այդ ցուցանիշով դառնալով այդ երկրի ամենամեծ օտարերկրյա ներդրողը։
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպել է «SOCAR»-ի ղեկավար Ռովնագ Աբդուլլաևի հետ: Նրանք քննարկել են ինչպես նավթագազային արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, այնպես էլ «Դոստլուգի» հանքավայրում համատեղ գործունեությունը, որի ռեսուրսների 30%-ն Ադրբեջանն է օգտագործելու, 70%-ը` Թուրքմենստանը:
Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևը հայտարարել է, թե մինչև տարեվերջ Ադրբեջանը կարող է միանալ «Մետաքսի ճանապարհ» (Silk road) նախագծին, որը նախատեսում է Կենտրոնական Ասիայում օտարերկրյա զբոսաշրջիկների համար մեկ վիզայի ներդրում:
Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին
Շաբաթվա ընթացքում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է շիրակցի ևս 13 ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը։
Նշենք, որ ավելի վաղ Բաքուն արդեն քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների նկատմամբ։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթերցվել է 14 հայ ռազմագերիների մեղադրական եզրակացությունը, որով նրանք կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե հայ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Իտալիայի խորհրդարանի «Լեգա» կուսակցության պատգամավորներ Մասիմիլիանո Կապիտանիոն և Ջուլիո Չենտեմերոն հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և նրանց դեմ սկսված դատական գործերին՝ ընդգծելով, որ Բաքվի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անընդունելի է:
Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ Հայաստանը չի տրամադրում ականադաշտերի քարտեզները:
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանն Ադրբեջանին տվել է միայն Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատման քարտեզները, սակայն հրաժարվում է իրենց փոխանցել մյուս քարտեզները։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի ականապատ տարածքների քարտեզները:
Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է մի նոր բանաձև, որտեղ խորհրդարանը դիմում է կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` «ԵՎՐՈ 2020» մրցաշարերի քառորդ եզրափակիչ փուլի ֆուտբոլի մրցույթի ժամանակ, եթե Նիդերլանդների ազգային հավաքականը Բուդապեշտում հաղթի։ Խորհրդարանն իր բանաձևը պայմանավորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին պահելու և «Ռազմական ավարի պուրակ» ստեղծելու հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Թբիլիսիի դերակատարությունը»:
Հարակից հրապարակումներ`
- 14.06.2021. «Հենակետ». Ադրբեջանը 1մլրդ 75մլն մանաթ գումար է տրամադրելու Արցախից գրավված տարածքների վերականգնման համար
- 12.06.2021. «Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում
- 07.06.2021. «Հենակետ». Ադրբեջանն օդանավակայաններ կկառուցի Կովսականում և Լաչինում
- 06.06.2021. «Հենակետ». Արցախյան շաբաթ
- 05.06.2021. «Հենակետ». Ադրբեջանցիները դիրքավորված՝ ամուր հենակետեր են դնում նաև Գեղամասար համայնքում
- 31.05.2021. «Հենակետ». Ալիևը և Էրդողանը քննարկում են Ղարաբաղում վերականգնողական աշխատանքները
- 30.05.2021. «Հենակետ». Ինչ է կատարվել Արցախում և Արցախի շուրջ՝ մեկ շաբաթում
- 24.05.2021. «Հենակետ». Ադրբեջանը Շուշին ներկայացնելու է Դուբայի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
- 23.05.2021, «Հենակետ». Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում
- 17.05.2021. «Հենակետ». Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ վերջին մեկ շաբաթում
- 16.05.2021. «Հենակետ». Արցախյան մեկ շաբաթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան