Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Նարեկ Հախնազարյանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես է եկել «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրով։
Նվագախմբից հայտնում են, որ համերգի ընթացքում հնչել են «Գիքորը» (Տիգրան Մանսուրյան), «Նվագախմբի տղաները» (Գևորգ Արմենյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան), «Հին օրերի երգը» (Տիգրան Մանսուրյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Խնձորի այգին» (Ջիվան Տեր-Թադևոսյան), «Թթենի» (Արմեն Բոյամյան), «Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Առաջին սիրո երգը» (Առնո Բաբաջանյան), «Ինչու է աղմկում գետը» (Արտեմի Այվազյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան), «Հուսո աստղ» (Էդգար Հովհաննիսյան), «Խոշոր շահում» (Յուրի Հարությունյան), «Մեր մանկության տանգոն» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Մենավոր ընկուզենի» (Մարտին Վարդազարյան) և այլ կինոֆիլմերի համար գրված մեղեդիները։ Երաժշտությունն ուղեկցվել է կինոնկարներից հատվածների ցուցադրմամբ և լուսային շոուով։
Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Նա նշել է, որ «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագիրն ավելի ցայտուն է դարձնում ֆիլմերի համար գրված մեղեդիները, որոնցից շատերը, ըստ դիրիժորի, երաժշտական գլուխգործոցներ են։
«Ֆիլմը դիտելիս, իհարկե, տպավորվում է երաժշտությունը, սակայն այդքան ուշադրություն չեն դարձնում պարտիտուրներին։ Նույն «Տղամարդիկ» ֆիլմը բոլորս այդքան սիրում ենք, սակայն հիմնականում կենտրոնացած ենք Քասախի կիրճի մոտ պարի կադրերի վրա։ Իսկ ֆիլմում հնչող գեղեցիկ երաժշտությունն այնքան էլ ուշադրության կենտրոնում չէ։ Այս ծրագրում հնչող մեղեդիները մեկը մյուսից գեղեցիկ են։ Հումորային կոլորիտ ունի «Թթենի» ֆիլմի երաժշտությունը, շատ թախծոտ է «Խոշոր շահում»-ի մեղեդին»,- նշել է մաեստրո Արզումանյանը՝ ավելացնելով, որ այս համերգային ծրագիրը ֆիլմերի մեղեդիները հանրայնացնելու խնդիր է նաև լուծում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 30-ին՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում։
Կհնչեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը (հայաստանյան պրեմիերա) և հատվածներ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից։ Նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջուն Սան Պարկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան