Հայաստանի զբոսաշրջության ոլորտն արթնանալու նշաններ է անում. Մեխակ Ապրեսյան
Հայաստանի զբոսաշրջության ոլորտն արթնանալու նշաններ է անում, ինչի մասին վկայում է 2021-ի առաջին եռամսյակում երկիր օտարերկրացի զբոսաշրջիկների այցելությունների ավելի քան 86 հազար ցուցանիշը։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակներում հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի (ՏՀՖ) նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Եթե համեմատենք անցյալ տարվա առաջին եռամսյակի հետ, 72 տոկոսից մի փոքր ավելի նվազում կա. 311 հազար է եղել 2020-ի առաջին եռամսյակում։ Բայց 2020-ի առաջին եռամսյակում կորոնավիրուս չէր, մենք բնականոն կյանքով էինք ապրում, իսկ եթե համեմատենք կորոնավիրուսի պայմաններում այցելությունների ցուցանիշի հետ, ապա անցյալ տարվա երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակներում միասին վերցրած այն 65 հազարը չի գերազանցել։ Հիմա արդեն 86 հազար է միայն այս տարվա առաջին եռամսյակում՝ այն դեպքում, որ առաջին եռամսյակը միշտ ամենապասիվն է լինում»,- ընդգծել է նա։
ՏՀՖ-ի նախագահի բնորոշմամբ՝ 2020-ին, մասնավորապես, կորոնավիրուսի հարուցած լոքդաունի ժամանակաշրջանում խնդիր էր դրված ամեն կերպ փրկել տուրիզմի ոլորտը փլուզումից, որի լուծմանը որոշակիորեն նպաստեցին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և գործընկեր այլ կառույցների հորդորով և ակտիվ քննարկումների արդյունքում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները, որոնք վերաբերում էին ոլորտի ընկերությունների աշխատողների աշխատավարձերի համաֆինանսավորմանը, մինչև կորոնավիրուսը զբոսաշրջային-տրանսպորտային ընկերությունների կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման վարկերի տոկոսների պետության կողմից սուբսիդավորմանը և բանկերի կողմից մայր գումարի վճարման հետաձգմանը։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությամ փոխանցմամբ, մեկ այլ միջոցառման շրջանակում պետությունը գրեթե անտոկոս վարկեր է տրամադրել տուրիզմի ոլորտի ընկերություններին, որպեսզի դրանք կարողանան աշխատավարձերը, հարկերը և վարձավճարներ վճարել։
Մեխակ Ապրեսյանը կարևորել է նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որի համաձայն՝ ոլորտի ընկերություններն ազատվեցին շահութահարկի կանխավճարից, ինչպես նաև այն, որ ՀՀ կառավարությունը թույլատրեց օտարերկրացիներին Հայաստան այցելել կամ կորոնավիրուսի բացասական թեստը կամ դրա դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում