ԳԱԱ նորընտիր նախագահ. Oպտիմալացումը պետք է կատարվի բովանդակային
«Ռազմարդյունաբերական խնդիրը կարևոր է, ԳԱԱ-ն վերջին տարիներին արդյունավետ աշխատում է այդ ուղղությամբ, երեք ինստիտուտներ ակտիվ ներգրաված են»,- ասուլիսում ասաց ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
Նա նշեց, որ իր ռազմավարության երկրորդ կարևորն կետն է այս ուղղությունը:
«Գտնում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվացնել, բովանդակային իմաստով կանոնակարգել, այսինքն՝ առաջին հերթին պետք է հասկանալ ռազմաարդյունաբերական համալիրին գիտահետազոտական գործունեությունների որ ուղղությունն է պետք առաջնահերթ, հետո իրականացնել մոնիթորինգ ԳԱԱ համակարգի ինստիտուտներում գործող գիտական գիտահետազոտական խմբերի հետ, որոշել, թե որ գիտնականների խումբն իրատեսական, ռեալ աշխատանք կարող են իրականացնել այդ ուղղությամբ, և ,ըստ դրա, իրականացնել որոշակի օպտիմալացում:
Այսինքն, Ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ուղղությունների, ներուժի օպտիմալացումը, որը իմ ծրագրի գլխավոր կետերից մեկն է, նախատեսում է նաև օպտիմալացում հենց ռազմաարդյունաբերական ուղղության, պաշտպանության համակարգի ընդլայնման համար:
Դրանից հետո պետք է համապատասխանաբար պետական միջոցներ ներգրավել, փորձել աշխատել: Իրոք, խնդիրը դժվար է»,- ասաց ԳԱԱ նախագահը:
Խոսելով ԳԱԱ-ում օպտիմալացման մասին, նա նշեց, որ ԳԱԱ-ում օպտիմալացման գործընթացը սկսված էր 2010 թվականից:
«Պետք է մոնիթորինգ իրականացվի և օպտիմալացումը պետք է կատարվի ոչ թե ինքնանպատակ, այլ բովանդակային, ճիշտ, ամեն դեպքի համար քննարկել՝ որ ինստիտուները միավորել և միավորման դեպքում որ մոդելնընտրել: Նրանք կարող են միանալ հետազոտական, գիտաարտադրական, գիտակրթական համակարգերում, դա պետք է լավ հետազոտվի: Այս գործընթացից պետք է առաջին հերթին շահի գիտությունը, կոլեկտիվ»,- նշեց նա։
Աշոտ Սաղյանի խոսքով, օպտիմալացումը հնարավորություն կտա ավելի թույլ օղակները միացնել ավելի հզոր օղակների և գնալ առաջ, այն, ինչ կատարվել է 2010 թվականին:
«Այնպես չպետք է լինի, որ որոշ հիմնարկներ դուրս մնան, մեխանիկորեն միացնելուց հետո ամեն մեկն իր տեղում մնա, այլ վերջիվերջո տանի գլխավոր խնդրին՝ ինչքան պետությունն է գումար տալիս, գոնե այդքան կարողանան իրենք աշխատել մոտակա 5 տարիներին»,- ասաց նա:
ԳԱԱ նորընտիր նախագահի կարծիքով, վերջիվերջո պետք է լինի միաձուլում՝ կրթությունը գիտության հետ:
«Միգուցե հետագայում այդ միացումը կատարվի՝ ինստիտուտները բուհերի հետ, բայց այսօր դրան պատրաստ չեն ոչ բուհերը, ոչ ինստիտուտները, ժամանակ է պետք նախադրյալներ ստեղծելու համար: Հենց այդ նախադրյալները նախատեսված են իմ ծրագրով՝ ուժեղացնել համագործակցությունը բուհական համակարգի, ակադեմիական ինստիտուտների միջև, ինչը նախատեսում է իրատեսական պայմանագրեր»,- ասաց Աշոտ Սաղյանը: