Չեխովյան փառատոնի տնօրենն ասել է՝ հայկական «Փափլիկը» ներկայացումը ամեն տեղ կարելի է ցուցադրել
Հունիսի 26-ին և 27-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը մասնակցել է Չեխովյան 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Փափլիկը» ներկայացմամբ։ Բեմադրիչն է Նարինե Գրիգորյանը:
Ասուլիսում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ասաց, որ մեծ կազմով էին գնացել Մոսկվա, ներկայացումը ծավալուն էր:
«Անակնկալ ավարտ ունեցավ երկրորդ օրվա ներկայացումը՝ դրական իմաստով: Ներկայացումից հետո փառատոնի տնօրեն Վալերի Շադրինը մեզ բոլորիս հրավիրեց բեմ ու ասաց՝ դուք այնքան տաղանդավոր եք, այնքան լավն եք, որ չենք ուզում ձեզանից բաժանվել, ձեր ներկայությունը քիչ վայելել, ուստի կա մի փառատոն, որը նոր պետք է լինի՝ Վլադիվոստոկի խաղաղօվկիանոսյան առաջին փառատոնը, ու հրավիրեց մեզ, իր խոսքերով ասած, զարդարելու այն»,- Վալերի Շադրինի խոսքերը հիշելով՝ փոխանցեց Նավասարդյանը:
Նրա խոսքով, հպարտության շատ պահեր են ունեցել, մի բան, որը վերջին շրջանում պակասում էր. «Բարձր ենք պահել մեր երկրի անունը, պատիվը, ոչ մեկ թող չկասկածի, որ մենք երբևէ կարող ենք խաղալ մեր հայրենիքի անվան հետ:
Շատ հիացական խոսքեր են հնչել հայկական թատրոնի մասին»:
Նա նշեց, որ իրենց հրավիրել է հենց Չեխովյան փառատոնը, ծախսերը հոգացել է հենց փառատոնը:
Ասուլիսին ներկա թատերագետ Սոնա Մելոյանը նախ շնորհակալություն հայտնեց Համազգային թատրոնին այն պահերի համար, որ ապրել են. «Առաջին ներկայացումից հետո կարծես երբեք բռավոները չէին ավարտվելու, երրորդ անգամ դերասաններին հրավիրեցին բեմ: Երևանից գնացածներս լաց էինք լինում, որովհետև այս 8 ամսվա ընկճվածությունից հետո հաղթանակի զգացողությունը, որ ապրեցինք, շատ մեծ բան էր»:
Նա նշեց, որ բացի սեպտեմբերին Վլադիվոստոկում կայանալիք փառատոնի հրավերից, 2023 թվականի համար համատեղ ծրագրեր են ցանկանում մշակել Չեխովյան փառատոնն ու Համազգային թատրոնը:
«Համազգային թատրոնը դարձավ Չեխովյան փառատոնի համագործակից, էլիտար թատրոնների մեջ մտավ, հաստատ համագործակցությունը կշարունակվի:
Վալերի Շադրինն ամփսոսանք հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով հնարավոր չէ ներկայացումը եվրոպական շրջագայության ուղարկել, ասաց՝ նույն վայրկյանին կաներ դա, այս ներկայացումը ամեն տեղ կարելի է ցույց տալ»,- ասաց Ս. Մելոյանը:
Ասուլիսն ներկա թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով, սկզբում անհանգիստ է եղել, որ կարող է չսիրեն ներկայացումը, սակայն «իսկապես ֆուռոր էր»:
«Մտածում եմ, որ, գուցե, արժանի ենք ունենալ թատրոնի լավ շենք, քանի որ թատրոնը սկսվում է հենց դռնից, մարդը պետք երեկո անցկացնի թատրոնում, ոչ թե մտնի դահլիճ, բեմը բացվի ու նոր տեսնի, այլ մինչև դահլիճ հասնելու ճանապարհը…: Հիմա մեծ թրթիռով սպասվում եմ մեր թատրոնի ներ շենքի բացմանը: Լավ բեմի վրա ներկայացումը տասնապատիկ լավ է դիտվում, ավելի որակով»,- ասաց Նարինե Գրիգորյանը:
Սոնե Մելոյանն ասաց, որ Չեխովյան փառատոնը մրցանակ չունի, աշխարհի լավագույն թատրոնների դիտում է. «Իսկ ես համարում եմ խաղաղօվկիանոսյան փառատոնն ուղղակի գրան-պրի է, հայտնվել մի ցուցակի մեջ, որտեղ թատերաշխարհի լավագույն ներկայացուցիչներն են, ուղղակի երազանքների գագաթն է»:
Նա հույս հայտնեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը այս հաղթանակը կգնահատի համապատասխան ձևով:
«Համազգային թատրոնը շենքն արդեն պատրաստ է, սակայն տեխնիկայի խնդիր ունի: Ինչքան էլ Արմեն Նավասարդյանն ունի ընկերներ, ծանոթներ, որոնք պատրաստ են օգնել, բայց հնարավոր չէ ընկերներով անել դա:
Մեծ հույս ունեմ, որ պետությունը կվերցնի իր վրա, քանի որ երկու սեզոն Համազգային թատրոնը, իրոք, լավագույնն է հայկական թատրոնի աշխարհագրության մեջ: Պետք է լավագույնը գնահատես, որ մնացածն էլ ձգտեն հավասարվել զուտ ստեղծագործական առումով»,- ասաց թատերագետը:
Հարակից հրապարակումներ`
- Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացման աննախադեպ հաջողությունը՝ Չեխովյան հեղինակավոր փառատոնում
- Նարինե Գրիգորյանը՝ պայծառ աստղ Հայաստանի թատերական կյանքում. Չեխովյան փառատոն
- Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Չեխովյան 15-րդ փառատոնին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան