Տիգրան Աբրահամյանը միանում է Արցախի ՄԻՊ-ի կոչին
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը միանում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կոչին՝ խնդրելով մեր հայրենակիցներին հաճախակի այցելել Արցախ։
«Արցախը, արցախցիները հատկապես այսօր մեր սատարման կարիքն ունեն և անկախ ճանապարհի որոշակի տհաճ հատվածների պետք է օգտագործենք ցանկացած առիթ Արցախ այցելելու, մեր հայրենակիցների կողքին կանգնելու կամ պարզապես ընկերություն անելու համար»,- գրել է Տիգրան Աբրահամյանը՝ հրապարակելով լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Արցախի ՄԻՊ-ն ավելի վաղ գրել էր. «Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան, ձեր ներկայությամբ դուք գոտեպնդելու և ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի։
Գիտեմ, որ Արցախ այցելելու հետ կապված անվտանգային առումով մտահոգություններ ունեք, մտահոգություններ ունեք ճանապարհի հետ կապված, որի մի հատվածում ստիպված եք, ցասումը զսպելով, տեսնել գերեվարված Շուշին, դժվարություններ կան Սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի մուտքի արտոնագիր տրամադրելու ժամկետների հետ կապված, բայց պետք է հաղթահարել այս ամենը՝ հանուն գերակա նպատակի, հանուն Արցախը չկորցնելու։
Վե՛ր կաց ու արի, այստեղ քեզ սպասում են ․․․»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան