Facebook-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցեց 1 տրլն դոլարը
Ամերիկյան Facebook ընկերության շուկայական կապիտալիզացիան երկուշաբթի, հունիսի 28-ին, Նյու Յորքի բորսայում վաճառքի ընթացքում առաջին անգամ գերազանցեց 1 տրիլիոն դոլարը: Reuters-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Նախորդ օրն ընկերության բաժնետոմսերի կտրուկ աճ էր գրանցվել: Դրանք թանկացել են ավելի քան 4%-ով՝ կազմելով 355,64 դոլար: Բաժնետոմսերի կտրուկ աճող գինը վերջին օրերին մի շարք հակամենաշնորհային դատական գործընթացներում Facebook-ի հաղթանակի արդյունք է:
Դատական գործընթացների նպատակն այն էր, որ Facebook-ին ստիպեին վաճառել Instagram-ը և WhatsApp- ը: Դատական գործերը ներկայացվել են անցյալ տարի Դաշնային առևտրի հանձնաժողովի (FTC) և մի շարք նահանգային մարմինների կողմից:
Ինչպես նշել է դատավոր Ջեյմս Բոասբերգը, FTC-ին չի հաջողվել ապացուցել, որ Facebook-ը մենաշնորհ ունի սոցիալական լրատվամիջոցների շուկայում: Նրա խոսքով՝ հանձնաժողովը կարող է նոր բողոք ներկայացնել մինչև հուլիսի 29-ը: