Հրանտ Ղարիբյան. Երկու գործոն, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելը կդարձնեն գրավիչ
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրանտ Ղարիբյանի գիտական կարիերայի ճանապարհը տպավորիչ և ոգևորիչ է: Հայաստանում դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, հետո ասպիրաանտուրա՝ Ստենֆորդում։
Այժմ Հրանտը գիտաշխատող է աշխարհի ամենահեղինակավոր ինստիտուտներից մեկում՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, ուսումնասիրում է քվանտային ֆիզիկա։
Հայաստանում գտնվելու օրերին նա հարցազրույց է տվել գիտության ֆինանսավորման ավելացման պահանջով ստեղծված «Գիտուժ» նախաձեռնությանը, պատմել, թե ինչու են զարգացած երկրները կարևորում գիտության հատկացումները։
«Աշխարհում շատ մեծ գումարներ են տրամադրվում գիտության զարգացմանը, հիմնական նպատակը եկող սերնդին կրթելն է, ավագ սերնդի գիտնականի գիտելիքը երիտասարդներին փոխանցելն է։ Բացի այդ, մեծ ներդրումները կարևոր նշանակություն ունեն երկրի տնտեսական ու տեխնոլգիական զարգացման համար, գիտությունն է տեխնոլոգիական ցանկացած պրոգրեսի հիմքը»,-նշում է Հրանտ Ղարիբյանը։
Ռազմական անվտանգության կարիք ունեցող Հայաստանում, ըստ գիտնականի, նախ պետք է պետության կողմից լինի կարիքների գնահատում, ապա առաջնահերթությունների մշակում, ըստ դրա համապատասխան գիտական ճյուղերի զարգացման համար քայլերի ու ծրագրերի իրականացում։
«Ըստ կարիքների ու առաջնահերթությունների, պետությունը պետք է որոշի, թե գիտության որ ճյուղերը պետք է ավելի շատ կամ ավելի քիչ ֆինանսավորել։ Դա էլ իր հերթին ճիշտ կուղղորդի երիտասարդ սերնդին ճիշտ մասնագիտացում ընտրելու»,-ասում է գիտնականը։
Քվանտային ֆիզիկայի մասնագետն ընդգծում է, որ գիտությամբ զբաղվող մարդիկ ու նրանց աշխատանքը աշխարհում հարգվում է, նրանց մեծարում են, ոլորտին հատկացում են ահռելի ռեսուրսներ, դրանք էլ իրենց հերթին ծառայում են նոր սերնդին ճիշտ արժեհամակարգի ուսուցման, գիտելիքների փոխանցման, քննդատական ու վերլուծական մտածելալերպի զարգացման, գիտությամբ զբաղվելը խրախուսելուն, ինչպես նաև տեխնոլոգիական, տնտեսական, ռազմական զարգացմանը։
«Անկախ այն բանից, հետագայում ֆիզիկայով զբաղվելու եք թե չէ, այդ քննադատական միտքը պետք կգա ապագայում որ ոլորտում էլ լինենք՝ բիզնեսում, գիտության մեջ, թե այլուր։ Հայաստանում, այո, կան քննադատական մտածելակերպով գիտնականներ, պետք է ամեն ինչ անել, որ դա փոխանցի սերունդներին»,-ընդգծում է նա։
Գիտաշխատողն ասում է, որ գիտնականի համար շատ կարևոր է թիմային միջավայրը, որտեղ կարելի է գաղափարներ քննարկել, հոդվածներ գրել, ընդհանուր նպատակին հասնելու ուղղությամբ աշխատել, հաջորդ կարևոր գործոնը աշխատավարձն ու արժանապատիվ կյանքն են։
«Ինձ թվում է, եթե Հայաստանում ցանկանում են գիտությամբ զբաղվելը դարձնեն գրավիչ, ապա այս երկու գործոնը պետք է ապահովվի։ Խորհրդային տարիներին այս երկու գործոնն էլ շատ ուժեղ էր։ Բայց այդ համակարգը քանդվեց ու մինչ օրս ես չգիտեմ էլ Հայաստանում այդ մեխանիզմը ինչպես է աշխատում։ Սա գիտնականի գործը չէ, գիտնականը չպետք է համակարգեր ստեղծի, դա պետության գործն է»,-նշում է նա ու ավելացնում, որ դրսում աշխատող հայ գիտնականներին պետք է ներգրավել տաբրեր գիտական ծրագրերում, ցույց տալ, որ Հայաստանում լավ միջավայր կա ու վերադարձի դեպքում կարող են այստեղ արժանապատիվ ապրել։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Պապոյան. Այսօր մենք չունենք հստակ ձևակերպված պատվեր, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից
- Տիգրան Շահվերդյան. Գիտության վիճակի մասին հնչեցվող sos-ը ողջ խորությամբ իշխանությունները չեն գիտակցում
- Հայաստանում գիտության մահը մարտահրավերների առաջ է կանգնեցրել 125 մլն դոլար արժողությամբ Krisp-ին
- Ժիրայր Ավետիսյան. Վերջին պատերազմը Հայաստանի՝ որպես պետության «դեղին քարտն» է, որ մեզ աշխարհը ներկայացրեց
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո